ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հնարավոր է համարում Հայաստանին տրամադրվող աջակցության ընդլայնումը
SocietyԵվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հնարավորություններ է տեսնում ԵՄ կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցության ընդլայնման համար:
«Եվրամիության համար տարին ռեկորդային էր, քանի որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ԵՄ-ն կրկնակի ծախսեր է կատարում, այն է՝ մոտ 90 մլն եվրո: Աջակցության զարգացման ապագան ներկայումս քննարկվում է՝ նպատակ ունենալով ձեւավորել միասնական օժանդակության լավ համակարգ:
Այն բարդ գործընթաց է, որում ընդգրկված են ԵՄ տարբեր կառույցներ, անդամ պետություններ, նաեւ հայաստանյան կառույցներ: Մենք լուրջ երկխոսություն ենք սկսել Հայաստանի կառավարության, ինչպես նաեւ շահագրգիռ անձանց հետ: Մեզ պարզապես պետք է տեսնել լայն մասնակցություն նաեւ հայկական կողմից»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ դեսպանը:
Նրա խոսքով՝ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ընդլայնումը կախված է մի շարք հանգամանքներից:
«Ընդլայնման գործընթացը մեծապես կախված է նրանից, թե մինչ օրս որքան արդյունավետ է եղել մեր օժանդակությունը եւ թե ինչքան արագ կլինի Հայաստանի առաջընթացը եվրոպական ստանդարտների ուղղությամբ:
Գաղտնիք չէ, որ մեր օժանդակության մեծ մասը պայմանավորված է կոնկրետ չափանիշների կատարմամբ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ դրական նշաններ է նկատել կառավարության վերջին շրջանի գործունեության մեջ:
Նա հավելեց, որ այնուամենայնիվ զարգացմանն ուղղված ցանկացած աջակցություն տվյալ երկրի իրավիճակը փոխող միակ լծակը չէ:
«Մենք ամեն տարի միջինը 50 մլն եվրո ենք հատկացնում Հայաստանին: Այն կարող է օժանդակել որոշ բարեփոխումների իրականացմանը, լուծել որոշ խնդիրներ, որոնք չեն ֆինանսավորվում այլ աղբյուրներից, սակայն այն չի կարող լիակատար փոփոխություններ իրականացնել:
Ես գիտեմ, որ հայերը գնահատում են այս աջակցությունը եւ ուրախ կլինեն վերջինիս շարունակականության համար»,- եզրափակեց Պյոտր Սվիտալսկին: