Հատկացված աջակցությունը բավարար է, որպեսզի տները բերվեն մինչև աղետը եղած վիճակին. Արթիկի քաղաքապետ
SocietyԱրթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Արթիկում աղետի հասցված վնասներին և բնակիչներին փոխհատուցման խնդիրներին: Նա պարզաբանեց, որ կառավարության որոշման մեջ նշվում է ոչ թե վնասի փոխհատուցման մասին, այլ 12 բնակարանների բնակիչներին աջակցելու մասին: «Ուսումնասիրությունը կատարվել է ամենայն մանրամասնությամբ»,-ասաց նա և նշեց, որ այս պահին ջուրն ամբողջությամբ հեռացված է բնակարաններից:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հատկացված փոխհատուցումը քաղաքապետը բավարար է համարում, չնայած նրան, որ բնակիչները նշում են, որ այն շատ քիչ է, Արսեն Աբրահամյանն ասաց. «Հատկացված աջակցությունը միանշանակ բավարար է, որպեսզի տները վերականգնվեն, գան այն վիճակին, որ եղել է մինչև աղետը»: Նա նշեց, որ վերջնական պատկերը պարզ կլինի աշխատանքների ավարտից հետո և այս պահն երեք տեխնիկա ծանր էքսկավատորներ, ութից ավել բեռնատարներ են աշխատում, մաքրվում են քաղաքի փողոցները:
Քաղաքապետը նշեց, որ բնակիչներից նույնիսկ ֆանտաստիկ հայտարարություններ են հնչել, թե տրցակով ոսկեղեն են կորցրել։
«Ապրուստի, վերականգնման խնդիրներին քաղաքապետարանով, համայնքի ուժերով կկարողանանք աջակից լինել: Ոչ մեկ ձմեռնամուտին առանց շաքարավազի չի մնա, առանց կահույքի չի մնա, բարերարների կողմից կլինի աջակցություն»,-ասաց նա և նշեց, որ աղետի հետևանքների հաղթահարումը ժամանակ է պահանջում:
«Ունեմ համապատասխան փաստեր, նկարահանումներ, ըստ որոնց՝ հեղեղատարի հունը եղել է մաքուր»,-ասաց նա և նշեց, որ աղետի պատճառը ձորակ լցված թափոններն են եղել, որոնք աննախադեպ տեղումները լցրել են քաղաք:
Արսեն Աբրահամյանը նշեց, որ դեռևս վտանգը շարունակում է լինել և այստեղ անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում և առաջարկներ: