Իսրայելի խորհրդարանում է Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին բանաձևը
AnalysisՀունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը միաձայն ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը, իսկ արդեն մոտ մեկ ամիս անց էլ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները միաձայն ընդունեցին բանաձև, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:
Օրինագծի նոր փոփոխությամբ Հայոց ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտման համար սահմանվել է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի նախագիծ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել էր դեռևս 2012թ., որը հետագայում հակասահմանադրական չճանաչվեց: Սակայն դա ամենևին էլ ֆրանսիացի քաղաքական գործիչներին չխանգարեց հետևողականություն ցուցաբերել և աշխարհին ցույց տալ, որ իրենք չեն պատրաստվում շրջանցել հարցը:
Փորձագետներն ու քաղաքագետները վերոնշյալ երկու դեպքերում էլ, բարձր գնահատելով կատարվածը, նշում էին, որ այն մի կողմից Թուրքիային սանձելու փորձ է, մյուս կողմից՝ սեփական երկրները թուրքական ներկայությունից փրկելու փորձ:
Իսկ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունող բանաձևի քվեարկության դնելը որոշ առումով զարմանալի երևույթ կարելի է համարել, հատկապես վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների մերձեցման ֆոնին:
Իրականում Իսրայելն այն եզակի երկրներից է, որը մշտապես հանդես է եկել բացառապես սեփական շահերի դիրքերից, սակայն այս իրարամերժ իրավիճակը որոշ առումով նույնիսկ կարելի է հետաքրքիր համարել, առավել ևս, որ բանաձևը Կնեսետում քվեարկության դնելու օրը համընկավ ռուս-թուրքական հերթական սիրախաղի մեկնարկի հետ:
Հետաքրքիր «զուգադիպությամբ» այս օրերին «պատահաբար» ԱՄՆ-ի Սպիտակ տան պահոցում հայտնաբերվել են եզակի տեսաերիզներ, որոնք վկայում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի և այլ քրիստոնյա այլ ազգերի հանդեպ իրականացված բռնի տեղահանության մասին:
Ասել է, թե աշխարհի մեծերը կարծես որոշել են դաս տալ Թուրքիային, քանի որ այն գնալով ավելի անկառավարելի է դառնում միջազգային կազմակերպությունների կողմից: Թուրքիայից փչող վտանքի քամին առավել ուժգնանում է, երբ Թուրքիայի ներկայիս նախագահը աջ ու ձախ բաց տեքստով հայտարարում է, որ երազում է թուրքական հանրապետությունը վերափոխել օսմանյան կայսրության:
Փաստորեն, ստացվում է, որ Իսրայելին նույնպես դուր չեն գալիս Էրդողանի զառանցանքները, որի պատճառով էլ որոշում են կայացրել ընդունել Հայոց ցեղասպանությունը, թեև դա ամենևին էլ չի նշանակում, որ Իսրայելը որոշել է մեծահոգություն ցուցաբերել հայ ազգի հանդեպ և վերջապես որոշում է կայացրել ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Իրականում սա մեծ քաղաքականության երկրորդ արարն է, որին հաջորդող զարգացումները կարող են նույնքան անկանխատեսելի լինել, որքան նախորդ դարում:
Ա.Գրիգորյան