Կառավարությունը կասեցնում է սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը
SocietyՀՀ կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է Սոցիալական փաթեթներով առաջարկվող հանգստի բաղադրիչը: «Սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումները շարունակվում են: Իմ հանձնարարականով՝ այստեղ ուսումնասիրություն է իրականացրել վարչապետի վերահսկողական ծառայությունը , այժմ նաև դրանով զբաղվում է Վերահսկիչ պալատը: Ելնելով այս շարունակվող խնդրից՝ Ֆինանսների նախարարությունն այժմ ներկայացված 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջարկել է ռադիկալ լուծում՝ սոցիալական փաթեթներում թողնելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը: Կարծում եմ՝ հարկ է ոչ թե ընդհանրապես կրճատել, այլ ժամանակավորապես կասեցնել միայն հանգստի բաղադրիչը, ծախսերը համապատասխանորեն կրճատելով միայն այդ գումարների չափով»,-կառավարության նիստում ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը, Աշխատանքային և սոցիալական հարցերի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության հետ լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը: «Պետք է անել այնպես, որ նվազագույնի հասցվեն բոլոր հնարավոր չարաշահումները և ներկայացնել կառավարության քննարկմանը: Այսինքն, մենք առայժմ դա կասեցնում ենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: