Լավրովի ապտակներից Ադրբեջանն ուշքի չի գալիս
AnalysisԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նիստի ժամանակ ընդունվեց նաև ԼՂՀ հարցի կարգավորման մասին համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ԼՂՀ հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելման, իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջմղման հարցում:
Մինչ երևանյան այցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական ԶԼՄ-ներին շտապել էր տեղեկացնել, որ երևանյան այցից անմիջապես հետո Լավրովն այցելելու է նաև Ադրբեջան, սակայն, հակառակ նրա ցանկությանը, ՌԴ արտգործնախարարը սկզբում վերադարձավ Մոսկվա, հետո մեկնեց հանգստի:
Իրադարձություններից առաջ վազող ադրբեջանական իշխանությունները, փաստորեն, դրանով փորձել էին իրենց ցանկության մասին բարձրաձայնել, նույնիսկ պատրաստվել էին Ս.Լավրովին ադրբեջանական ոճով ընդունել և պատվել, սակայն տեսնելով, որ իրենց ցանկությունը մնաց սոսկ ցանկություն, շտապեցին հասյտարարել, թե ՌԴ արտգործնախարարն իրենց ասելու ոչինչ չուներ այդ պատճառով էլ Բաքու չժամանեց:
Իրականում, Լավրովն իր այդ քայլով ադրբեջանական կողմին փորձեց մեկ անգամ ևս հասկացնել, որ ինչքան էլ ադրբեջանական կողմը ցանկանա շեղել հանդիպումների տրամաբանությունը և ագրեսորից փորձի վերածվել «բարի ու հյուրընկալ» պետության, այնուամենայնիվ, գերտերության ներկայացուցչի այցը ագրեսոր երկիր չի կարող ինքնանպատակ կամ պրոտոկոլային լինել այն երկիր, որը լարախաղացի նման փորձում է մոլորեցնելով միջազգային հանրությանը խաղեր խաղալ և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Ուշագրավն այն է նաև, որ Ադրբեջանի բարեկամ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները նույնպես ձեռնպահ մնացին իրենց ագրեսոր ընկերոջ թասիբին կանգնելուց, որը նաև փաստում է այն մասին, որ իրենք նույնպես սկսել են այլ մոտեցում ցուցաբերել լարախաղացի հոգեբանություն ունեցող իրենց համախոհի հանդեպ:
Հիմա արդեն, երբ հասունացել է պահը, ՌԴ արտգործնախարարը որոշել է մեկնել Բաքու՝ տեղի իշխանություններին կրկին հասկացնելու, որ այցն Ադրբեջան իրականում ոչ թե տարածաշրջանային այցի շրջանակում է իրականացվում, այլ կոնկրետ նպատակով՝ տարածաշրջանն անվտանգության և խաղաղության պահպանման խաղի կանոնները թելադրելու և ոչ թե նրանց հետ դրանք քննարկելու համար:
Թե ալիևյան վարչակարգին հասցված այս երկրորդ կանխարգելիչ ապտակից ինչքանով կսթափվի ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, ցույց կտա ժամանակը, բայց չի բացառվում նաև, որ հայտնվելով փակ շրջանում՝ նա կրկին փորձի ինքնավնասման ճանապարհով գնալ ու սահմանում կրկին խախտել հրադադարը, բայց այս անգամ արդեն նման քայլերը դժվար թե կարողանա մարսել:
Ա.Գրիգորյան