Այս տարի Երևանի քաղաքապետարանը կնորոգի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 900 մուտք
SocietyԱրաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է վարչական շրջանում իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի ընթացքին:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով. «Հարկ է նշել, որ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում: 2016թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 900 մուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին:
Անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերում առկա վերելակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տասնամյակների կուտակված խնդիրենրին համակարգված լուծում տալու նպատակով այսօր քայլեր են ձեռնարկվում համալիր ծրագրի մշակման և միասնական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Արաբկիր վարչական շրջանի համալիր մարզադպրոց, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Րաֆֆու անվան դպրոցում գործող սպորտդպրոց, որտեղ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները: Ծանոթանալով աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լին ել հետևողական՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու հարցում: