Բակո Սահակյան. Արցախում Համահայկական խաղերի անցկացումը խիստ պահանջված պատմական իրադարձություն է
SocietyԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների եւ Համահայկական խաղերի կազմակերպման եւ անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Բակո Սահակյանը նշել է, որ 2019 թվականին հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում 7-րդ Համահայկական ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։
Նախագահ Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման եւ համահայկական կարեւորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Այնուհետեւ քննարկվել են 7-րդ Համահայկական ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Պարոն Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները եւ առաջնային լուծում պահանջող հարցերը։
Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին ընձեռնված հնարավորության համար եւ շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարեւոր է ազգային անվտանգության եւ միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու եւ ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։ Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխան Զաքարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի եւ Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։ Հուլիսի 9-ից շրջայցեր կկատարվեն նաեւ Արցախի մյուս քաղաքներում եւս։