Վիրավորվելուց 2 ամիս անց Հովհաննես Պողոսյանը սկսել է խոսել
Societynews.am-ը գրում է.
Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը սկսել է խոսել: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Հովհաննեսի հետ լոգոպեդ է աշխատում, արդեն սկսել է բառեր ասել, նախադասություններ կազմել: Կամաց-կամաց քայլում է, մնում է միայն, որ կարողանա աջ ձեռքը շարժել: Բժիշկներն ասում են` սպասեք, դա էլ կլինի»,- ասաց տիկին Գայանեն:
Նշենք, որ մայրը վերջին անգամ որդու խոսքը լսել էր վիրավորվելուց առաջ. երկու ամիս Հովհաննեսը չէր խոսում:
Ըստ տիկին Գայանեի` Հովհաննեսը, հնարավոր է, երկու շաբաթ անց դուրս գրվի հոսպիտալից: Նշենք, որ զինծառայողին եւս մեկ վիրահատություն է սպասվում, բայց բժիշկներն այն ծրագրում են անել հաջորդ տարի, երբ վերքերն ամբողջությամբ լավացած լինեն:
Հիշեցնենք, որ 21-ամյա Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթեւ վնասվածք է ունեցել եւ, հարազատների փոխանցմամբ, առանց ամբողջությամբ ապաքինվելուն սպասելու՝ նորից դիրքեր բարձրացրել:
Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։ Նա արդեն երկու անգամ վիրահատվել է Երեւանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: