ՄԹ-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր է գաղտնազերծել
Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարությունը հինգ տասնյակից ավելի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք վերաբերում են 1915 թվականի 1.5 մլն հայերի կոտորածներին և այդ հարցում ՄԹ կառավարության քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերը կարելի է տեսնել ՄԹ կառավարության պաշտոնական կայքում՝ հրապակումներ բաժնում:
Փաստաթղթերը պարունակում են արտաքին գործերի նախարարության տարբեր բաժանմունքների կողմից գրված նամակներ Միացյալ Թագավորության նախարարներին և պատգամաւորներին: Փաստաթղթերից մեկում, որը թվագրվում է 2010 թվականի հունիսի 17-ով և հասցեագրված է այդ ժամանակ Եվրոպայի հարցերով նախարար Ջասթին ՄքՔենզի Սմիթին նշվում է. «Հայկական սփյուռքը լոբբիստական հզոր աշխատանքներ է կատարում համոզելու աշխարհի կառավարություններին 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների համար կիրառել «Ցեղասպանություն» եզրը: Արտաքին գործերի նախարարությունը պարբերաբար նամակներ է ստանում խորհրդարանականներից և հասարակությունից, ուր կոչ է արվում այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչել»: Նշվում է նաև, որ խնդրի վերաբերյալ դիմումներ սկսել են ստանալ նաև կառավարության մյուս գերատեսչությունները և վարչակազմի աշխատակիցները, թեև դա ԱԳ նախարարության լիազորություններին ենթական խնդիր է:
Նախարարին առաջարկվում է խնդրին անդրադառնալիս ընտրել ՄԹ արտաքին գերատեսչության նախընտրելի քաղաքականությունը՝ հայերի կոտորածները չճանաչել որպես Ցեղասպանություն: Նշվում է, որ այս տարբերակը հարաբերականորեն ավելի քիչ ռիսկեր է պարունակում. Հայաստանի Հանարպետությունը Հայոց ցեղասպանության շարունակական չճանաչումը կդիտարկի, որ ՄԹ-ը նախապատվությունը տալիս է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններին, քան Հայաստանին: «Սակայն սա տեսակետ է, որ նրանք արդեն իսկ ունեն,- նշվում է փաստաթղթում,-իսկ հայկական սփյուռքը ՄԹ-ում, թեև բավական ակտիվ է այս հարցում, բայց քանակապես փոքր է (20 հազարից պակաս)»:
«Հայերի կոտորածի ճանաչումը որպես ցեղասպանություն կարող է ավելացնել ՄԹ վրա ճնշումները լոբբիստական այլ խմբերի կողմից՝ այլ «ցեղասպանութուններ» ճանաչելու համար»,- ասվում է փաստաթղթում:
Միաժամանակ նշվում է, որ Միացյալ Թագավորությունը շարունակաբար դատապարտել է անցած դարասկզբին էթնիկ հայերի կոտորածները և տեղահանություններն Օսմանյան կայսրությունում: Բրիտանական կառավարությունը ժամանակին այդ կոտորածները նկարագրել էր, որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության»: