Իշխանությունները անտեսում են ազգի հարատևության հարցը. Ա. Ադիբեկյան
Society«Էություն» իրավաբանական և հոգեբանական կենտրոն և «Կանանց կենտրոն» ՀԿ-ների համատեղ ջանքերով իրականացված «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի դրույթների ուսումնասիրության արդյունքների ներկայացման և դրա շուրջ ծավալված քննարկմանը մասնակցում էր նաև «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նա, խոսելով Հայաստանում ծնելիության ցուցանիշների անկման մասին, նշեց, որ հարցը, բացի դեմոգրաֆիական խնդիրներ առաջացնելուց, կապված է նաև ազգային անվտանգության, մարտունակ բանակ ունենալու, իսկ հետագայում նաև՝ աշխատուժ և հարկատու ունենալու հետ, որը չի կարելի անտեսել: Ա. Ադիբեկյանի խոսքով՝ հարցն այնքան կարևոր է, որ այն պետք է արտացոլել նաև նախընտրական ծրագրերում:
«Արդեն հաշվարկված է, որ 12 սերունդ հետո Գերմանիայում գերմանացի չի մնա, Ֆրանսիայում ֆրանսիացի, իսկ Մեծ Բրիտանիայում արդեն ամուսնացող զույգերից յուրաքանչյուր 8-րդը հրաժարվում է երեխա ունենալուց: Սա մտահոգիչ է, սակայն լոկալ խնդիրները մեզ մոտ են և մենք պետք է կարողանանք այդ հարցերին այլ կերպ նայել և դրանց լուծումները գտնել»,- ասում է Ա. Ադիբեկյանը:
Նրա տեղեկացմամաբ Հայաստանում պետական պաշտոնյան երեխային կամ նրա մորը տրվող նպաստի մասին մտածելիս պետք է հասկանա, որ դրանով միանգամից մի քանի հարց է լուծվում, որոնցից ոչ մեկն էլ անտեսել չի կարելի:
«ԼՂՀ-ում նման ծրագրի իրականացումից հետո բնակչութունը 10 տոկոսով աճել է և դեռ շարունակում է աճել: Այնտեղ ամուսնացող երիտասարդ ընտանիքներին տրամադրվում է միանվագ գումարային օգնություն, իսկ յուրաքանչյուր 6-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին խոստացել են տրամադրել 100 հազար դոլար օգնություն: Եվ չնայած այդ ծրագրի ստվերն ընկավ նաև մեր կառավարության վրա, սակայն դա դեռևս բավարար չէ»,- ասում է սոցիոլոգը:
Նրա խոսքով՝ իշխանությունները միայն մտածում են, որ երեխայի տակը չոր լինի, բայց անտեսում են, որ նա նաև պետք է սնվի, կրթություն ստանա: Այսինքն անտեսվում է ամենակարևոր խնդիրը, որն ազգի հարատևման հարցն է և չի կարելի թույլ տալ, որ երկիրը դատարկվի:
«Աշխարհում ապրում է 7000 էթնիկ խումբ, որոնցից միայն 220-ը պետություն ունեն: Մեր իշխանությունների պարտականությունն է ամեն ինչ անել, որպեսզի լուծվի ոչ միայն մեր երկրի, այլև ազգի հարատևության խնդիրը: Ի դեպ, հայ ազգը համամարդկային առաքելություն ունի, որը պետք է կարողանա իրականացնել, ինչը շատ կարևոր է հասկանալ: Եվ չի կարելի այն անտեսել, այլ պետք է հստակ ծրագրերով այն իրականացնել»,- ասաց Ա. Ադիբեկյանը:
Ա. Գրիգորյան