Հայ արիները նշել են Վարդավառի տոնը
SocietyՀայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հուլիսի 12-ին Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է): Այս մասին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից:
Երեք խմբեր եղել են Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը եղել է Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:
Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես է արվել: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:
Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը:
Սրբազան գաղտնածեսից հետո, դարձյալ համաժամանակյա, փառաբանման ծես է արվել. դաղձի եւ ուրցի թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակը շաղ են տվել ջրերում եւ Աստղկա բերդի շրջակայքում` ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:
Ծիսական փառաբանումներ եւ ձոներ են հղվել ջրերին` ի նշան հայոց էներգետիկ հզորության ամբարման, որ այդ հզորության լիցքը փոխանցեն իրենց միակ տիրոջը` հային:
Մայր գետի մոտ հայ արի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ նաեւ վարդավառյան ծիսախաղ են կազմակերպել` օծվելով աստվածընծա ջրերով...
Քրմերը Աստղիկ Աստվածուհուց խնդրել են, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Այնպես` ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:
«Ասել եւ ասում ենք` Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն»,-ասում են հայ արի քրմերը:
Փառաբանման ծեսին հետեւել է ջրախաղը:
Իսկ արդեն ժամը 17:00-ին բոլոր 5 խմբերը Աստղկան ծիսական ուտեստներ են համտեսել եւ սիրո նեկտար (հատապտուղներից, թթից, մեղրից ու փոխնդալյուրից պատրաստված) վայելել` ավետելով Աստղիկ Աստվածուհուն, որ զարթնում է հայի գենը եւ նա պեղում, գտնում ու վերականգնում է ակունքային ամեն ինչ, այդ թվում` ազգային խոհանոցը:
Ծիսական ուտեստները ճաշակելու ընթացքում ձոներ են հղվել Աստղիկ Աստվածուհուն՝ հայերի սրտերը միշտ սիրո մեջ պահելու, սիրող զույգերին աջակցելու խնդրանքով:
Հայ արի քրմերը փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Երկու օր հետո, երբ բոլոր խմբերը կվերադառնան Երեւան, հուլիսի 14-ին, ՀԱՄ գրասենյակում տեղի կունենա Վարդավառի ավարտական ծես: