Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Աբրահամյաններ» խորագրով նկարչական ցուցահանդեսը
CultureՆույն ազգանունը կրող երեք սերնդի նկարիչների ստեղծագործություններ ներկայացվել են «Աբրահամյաններ» խորագիրը կրող ցուցահանդեսում:
Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Հայ նկարիչների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ բացվեց «Աբրահամյաններ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տարիքի ու սերնդի 15 արվեստագետների շուրջ 100 ստեղծագործութ յուններ: Տպագրվել է նաև պատկերագիրք, որում ամփոփ ներկայացված են ցուցահանդեսի մասնակիցների ստեղծագործությունները:
Ցուցահանդեսին ներկայացված են դիմանկարներ, գունագեղ բնապատկերներ, նատյուրմորտներ և այլ յուրօրինակ աշխատանքներ: Այցելուների համար նկարների մեծ մասը աչքի են ընկնում հարուստ գունային երանգներով:
Արվեստաբան Մարինա Հակոբյանի խոսքով՝ մարդիկ, լսելով ցուցահանդեսի խորագիրը , մտածում են, որ ցուցահանդեսին ներկայացված են նույն գերդաստանի մարդկանց գործերը, սակայն նրանց միայն միավորում է ազգանունը:
«Այս ցուցահանդեսն իր խորագրով եզակի է: Ցուցահանդեսին ներկայացված են երեք սերնդի ներկայացուցիչներ: Ներկայացված է հայկական կերպարվեստի մի քանի շրջափուլ, որն ընդգրկում է 20-21-րդ դարերի նկարչության զարգացումը: Դրա շնորհիվ ցուցահանդեսը շատ բազմաժանր է դառնում»,- ասաց արվեստաբանը:
Նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի խոսքով՝ նման ցուցահանդեսի միտքը հղացել է «Հայ նկարիչների կենտրոն» -ի տնօրեն Խաչիկ Աբրահամյանի մոտ: «Հավաքվեցին մի խումբ Աբրահամյաններ և բացվեց այս հետաքրքիր ցուցահանդեսը: Տաղանդավոր Աբրահամյանները շատ են տարբեր բնագավառներում: Այսօր ցուցահանդեսին ներկայանում եմ 9 աշխատանքներով, որն ընդգրկում է դիմանկարներ և կոմպոզիցիա: Ցուցահանդեսին ներկայացված են իմ հին ու նոր աշխատանքները»,-ասաց նկարիչը:
Վլադիմիր Աբրահամյանը, խոսելով իր հետագա պլանների մասին, նշեց, որ պատրաստվում է իր 75-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսին: