Երկրաշարժից տուժածներ եւ ավերածություններ չկան. ԱԻՆ
SocietyՀայաստանի եւ Վրաստանի սահմանագոտում այսօր՝ հուլիսի 12-ին, գրանցված երկրաշարժի հետեւանքով զոհեր, տուժածներ եւ ավերածություններ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
ԱԻՆ համապատասխան աշխատակիցներն իրավիճակը պարզելու նպատակով կապ են հաստատել Գյումրիի, Ալավերդիի, Ստեփանավանի քաղաքապետերի, Աշոցքի, Ամասիայի, Բավրայի գյուղապետերի, Բավրայի սահմանային անցակետի պետի հետ, որոնք հաղորդել են, որ զոհեր, տուժածներ եւ ավերածություններ չկան:
Կապ է հաստատվել նաեւ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ մայոր Դոգունաձեի հետ, որը հայտնել է, որ ցնցումները զգացվել են Դմինիսիի շրջանի Սողոթլու գյուղում՝ զոհեր տուժածներ եւ ավերածություններ չկան:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 14.14-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.200 եւ արեւելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ: