«Քարահունջ համայնքում մի քանի օր առաջ բացվեց կաթի մթերման արտադրամաս, որը մեծ առաջընթաց է: Գյուղացիները կաթը հավաքում են, արտադրամասում սառեցվում է և հասցվում կաթնամթերքի արտադրամաս»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը: Նրա խոսքով` դեռևս մեկ աշխատող կա գյուղից, ով հավաքում է կաթն ու տանում արտադրամաս: Հարցին, թե լուծվե՞լ է բնակիչների` կաթի մթերման խնդիրները, Լուսինե Ավետյանը պատասխանեց. «Իհարկե, դա մեծ խնդիր էր, որը լուծվեց: Այլևս կաթը չի փչանում, սակայն եթե ֆինանսավորող լինի գյուղին, անհրաժեշտ է նաև կաթ հավաքելու մեքենա, որովհետև այն շատ հին է»: Նշենք, որ արտադրամասը հիմվել է «Orange» հիմնադրամի, Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ գործող «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ-ի աջակցությամբ: Արտադրամասի կառուցման համար նշված կազմակերպությունները և համայնքը ներդրել են 9.83 մլն դրամ, որով հնարավորություն է ստեղծվել տարեկան 200 տոննա կաթ մթերելու միջոցով 20 մլն դրամի եկամուտ ապահովել համայնքի բնակիչների համար: