Երևանի կենտրոնում 175 ցուցանակ եղել է բացառապես օտարալեզու
SocietyՀրապարակային գրվածքների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության կողմից անցկացված դիտարկումների համաձայն` Երևանի կենտրոնում 175 ցուցանակ եղել է բացառապես օտարալեզու կամ օտարատառ ձևավորմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեցԼեզվի պետական տեսչության պետ ՍերգոԵրիցյանը` ներկայացնելով Երևանի կենտրոնում հունիսի 13-27-ն անցկացրած դիտարկումների արդյունքները: Նրա խոսքով, իրենց դիտարկումները ցույց են տվել նաև, որ 191 ցուցանակի դեպքում օտարալեզու գրառմանը զուգահեռ առկա է եղել նաև հայատառ գրառում, սակայն գերակայողը օտարալեզուն էր:
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Երևանի կենտրոնական հատվածում ունենք օրենքի խախտում, հրապարակային գրառումներում շեղումները պահպանվում են: Մենք դիտարկել ենք հիմնականում տնտեսավարող սուբյեկտների` ռեստորանների, սրճարանների, զբոսաշրջային կազմակերպությունների, խանութների հրապարակային գրվածքները: Քանի որ նրանք գործ ունեն անմիջապես հանրության հետ, միգուցե կարծում են, որ օտարալեզու ցուցանակներով ավելի գրավիչ կդարձնեն իրենց գործունեությունը: Ամեն դեպքում մեր պարտքն է հիշեցնել, որ կա «Լեզվի մասին օրենք» ՀՀ օրենքը, և այն պետք է պահպանել»,-ասաց Սերգո Երիցյանը:
Նման խախտումների դեպքում օրենքով նախատեսված է 200-250 հազար դրամ տուգանք, սակայն Կառավարությունը որոշում է կայացրել, որ տեսչությունները ստուգումների ու վարույթների մասով ժամանակավոր կասեցնեն իրենց գործունեությունը: Հետևաբար, ներկա փուլում Լեզվի պետական տեսչությունը պարզապես իրազեկում է օրենք խախտած տնտեսավարողներին և հորդորում վերացնել խախտումները:
«Տնտեսավարողները պետք է չմոռանան լեզվի մասին օրենքի պահանջը և հրապարակային գրվածքները ձևավորեն հայերենով, հայերենի առկայությամբ: Հայերենը պետք է գերակա լինի: Մենք տնտեսավարողներին ծանուցում ենք, հորդորում ենք, որ վերացնեն խախտումները: Պրակտիկան ցույց է տալիս, որ տնտեսավարողներն ականջալուր են լինում: Ասենք, ինչ կարիք կա անգլերեն գրել «թրավլ» կամ «շաուրմա» բառերը: Ամեն դեպքում բացատրական աշխատանքը տալիս է իր արդյունքը»,-հավելեց Սերգո Երիցյանը:
Լեզվի պետական տեսչությունը դիտարկում է հեռուստատեսության աշխատանքը, նախատեսում է ուսումնասիրել նաև կայքերի, դասագրքերի լեզուն: Արդյունքները պարզ կլինեն սեպտեմբերին: