Կատարվեց երազանքս. ես հայտնվեցի պոդիումում. Դայանա Դացթյան (PHOTO)
Lifestylewnews.am-ը գրում է.
Երիտասարդ մոդել Դայանա Դավթյանին կարելի է տեսնել հայաստանյան գրեթե բոլոր հայտնի Fashion ցուցադրություններում։ Դայանան արդեն հասցրել է Հայաստանը ներկայացնել գեղեցկության միջազգային մրցույթում եւ արժանանալ մրցանակի։

Մոդելը նոր է ավարտել դպրոցը եւ ընդունվել Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Նա ինտերիերի ապագա դիզայներ է։
Wnews.am-ի զրուցակիցն այս անգամ Դայանա Դավթյանն է։

Մոդելային կարիերա. Ինձ մանկուց գրավել է մոդելինգը, պոդիումը, գեղեցկության մրցույթները։ Երբ 13 տարեկան էի, շատերի խորհրդով սկսեցի հաճախել «Ատեքս» նորաձեւության կենտրոն, մոդելային դպրոց-գործակալություն, որտեղ շատ ինքնավստահ դարձա եւ ինձ զգում էի ասես ձուկը ջրում։ Ինձ բոլորը լավ ապագա էին խոստանում այդ ասպարեզում եւ շատ շուտով սկսեցին հրավիրել նորաձեւության ցուցադրությունների։ Կատարվեց երազանքս. ես հայտնվեցի պոդիումում։ Ինձ այնքան վստահ եմ զգում պոդիումի վրա եւ վայելում եմ ամեն վայրկյանը։


Նպատակներս. Իմ նպատակներիցս շատերին հասել եմ, սակայն գլխավոր նպատակս լավ մասնագետ դառնալն ու լավ ընտանիք կազմելն է։
Հայտնիություն. Ես դրան հանգիստ եմ վերաբերվում, եւ, ճիշտն ասած, այդ ուղղությամբ չեմ մտածել, բայց ինձ չեմ համարում հայտնի մարդ։ Ինձ թվում է՝ աշխարհում շատ քիչ մարդիկ կան, որ իրոք հայտնի համարվելու իրավունք ունեն։

Կոմպլեքսներ. Ես առանձնահատուկ կոմպլեքսներ չեմ ունեցել, եղել եմ ամաչկոտ, բայց տարիքի հետ դա անցել է։
Հաղթանակներն իմ կյանքում. Իմ կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել։ Կարծում եմ՝ իմ ամենագլխավոր հաղթանակը ծնողներս են, իմ մայրիկը. նա ոչ միայն գեղեցկուհի է, նրբության կերպար, այլ նաեւ խելացի եւ միշտ կողքիս է։ Հայրս եւս միշտ իմ կողքին է, եւ ես դա համարում եմ իմ շատ մեծ հաղթանակը։

Միջազգային մրցույթներում իմ մասնակցությունը. Նախորդ տարի ինձ ընտրեցին որպես «Միսս Մոլորակ 2015» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ։ Ինձ համար դա ասես մի երազ լիներ, որից շուտով կարթնանամ եւ կտխրեմ, որ իրական չէ։ Ես այնքան երջանիկ էի, անգամ չէի էլ երազում Հայաստանը ներկայացնել նման բարձր վարկանիշ ունեցող միջազգային մրցույթում՝ այն էլ «Միիս Մոլորակում»։ Ես շատ մեծ կարեւորություն տվեցի նրան, որ մրցույթը, այսպես ասած, ֆեյք չէր եւ գրանցված է պետական ռեգիստրում, քանի որ մեր օրերում կեղծ մրցույթներ շատ են կազմակերպվում, որոնց ես կտրականապես դեմ եմ եւ գտնում եմ՝ լավ է ընդհանրապես չմասնակցել դրանց։

Հայաստանի ներկայացուցչի կոչումը «Miss Planet Armenia 2015» տիտղոսն ինձ համար արդեն իսկ հաղթանակ էր, ես մեծ հուզմունքով մեկնեցի մրցույթի։


Մրցույթի եզրափակչին շատ հուզված էի, սպասում էի իմ երկրի անունը լսելուն. երբ հաղորդավարը հայտարարում էր Մոլորակի ամենաէլեգանտ տիտղոսին արժանացած երկրի ներկայացուցչին, ասաց Արմենիա. ես պատրաստվում էի առաջ գնալ, քանի որ լսեցի իմ երկրի անունը, սակայն առաջ գնաց Ալբանիայի ներկայացուցիչը, ուստի հաղորդավարը ստիպված եղավ երկրորդ անգամ կրկնել մեր երկրի անունը. պարզվեց, որ Ալբանիայի ներկայացուցիչը սխալ էր լսել. շատ զվարճալի, միեւնույն ժամանակ լարված պահ էր։ Այպիսով ես դարձա «Մոլորակի ամենաէլէգենատ աղջիկ» տիտղոսի հաղթողը։


