Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը կկայանա հուլիսի 15-ին
SocietyԵրևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում (Ռոմանո-գերմանական ֆակուլտետ) հուլիսի 15-ին` ժամը 10:00-16:00-ին, տեղի կունենա Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը, որին մասնակցում են 16 աշխատանքներ: Այս մասին տեղեկացանք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կայքից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել էին Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ, որի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:
Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:
Լավագույն 3 աշխատանքները ներկայացնող թիմերին/անհատներին կշնորհվեն հետևյալ մրցանակները.
- Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ
- Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
- Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ
Մրցույթն իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: