Դանիական ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկեց Թոմաս Վինտերբերգի ֆիլմով
CultureԵրևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի դանիական ֆիլմերի բացումը կատարվեց «Համայնք» ֆիլմով: Հեղինակը Թոմաս Վինտերբերգն է:
Ինչպես նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, փառատոնն անցած տարի մի շարք երկրներում իրականացրել է «Այլևս երբեք» կոչվող ծրագիր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Դրա հետ մեկտեղ, Դանիական կինոինստիտուտի գլխավոր համադրող Եսթեր Անդերսոնի և ՀՀ-ում Դանիայի դեսպանության հետ իրականացվեց մի ծրագիր, որի շրջանակներում որոշվեց ներկայացնել դանիական կինոն, քանի որ նախորդ տարիներին «Ոսկե ծիրան»-ն ունեցել է աշխարհի տարբեր երկրների ֆիլմերին նվիրված օրեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Մովսիսյանը:
Դանիական կինոինստիտուտի գլխավոր համադրող և այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ժյուրիի անդամ Եսթեր Անդերսոնի օգնությամբ կազմվեց ծրագիր, որը ներառում է դանիական ժամանակակից կինոն և ցուցադրվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Նախատեսվում է նաև կազմել հայկական ֆիլմերի ծրագիր, որը կցուցադրվի Դանիայում: