Էրդողանին կորցնելը վատ չէ. Շերը՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երկու օր է ամբողջ աշխարհը լարված հետեւում է, թե ինչ է կատարվում Նիսում, որտեղ հուլիսի 14-ի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 84 եւ վիրավորվել 50 մարդ։ Համաշխարհային աստղերը դարձյալ սկսել էին իրենց աղոթքներն ու աջակցությունը հայտնել զոհվածներին, երբ լուրեր տարածվեցին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին, որի պատճառով կրկին մարդկային զոհեր կան (նախնական տվյալներով՝ 60)։
Ինչպես Նիսում կատարվածի, այնպես էլ Թուրքիայի հեղաշրջման մասին իր կարծիքն է արտահայտել երգչուհի Շերը։ Վերջինս Twitter-ում գրել է.
«Հեղաշրջում Թուրքիայում։ Էրդողանին կորցնելը վատ չէ, բայց ով է փոխարինելու նրան։ Զինվորականներն այնքան էլ լավ միտք չեն»։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցելկրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Հեղաշրջման փորձից հետո 336 մարդ է ձերբակալվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: