Բախտախնդիրների մինիմում ծրագիրն իրականացվեց
AnalysisԻնչպես սովորաբար լինում է, նման իրավիճակներում կամաց-կամաց սկսում են ջրի երես դուրս գալ պղտոր ջրում ձուկ որսողները: Արդեն նույնիսկ հայտարարություններ են տարածվում Ազատության հրապարակում հավաքվելու և քաղաքական պահանջով հանդես գալու համար: Իհարկե, գուցե նրանց կանչերին հետևողներ էլ լինեն, սակայն Ազատության հրապարակն ավելի մարդաշատ կդառնա հետաքրքրասերների, այլ ոչ թե քաղաքական կոչերին հետևողների պատճառով:
Այնուամենայնիվ, հիմա կարծես կրկին հերոսանալու և քաղաքական դիվիդենտներ շահելու հարմար պահ է և այդ է պատճառը, որ շատ կուսակցությունների «առաջնորդները» կրկին ակտիվացան: Նրանք լուռ էին, երբ ԱԺ-ը ընդունեց ԸՕ-ն, նրանք լուռ էին, երբ օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի թանկացումը լեգիտիմացվեց: Նրանք չէին խոսում, երբ երկրի համար կարևորագույն փորձությունների ժամանակաշրջան էր, իսկ հիմակրկին պոպուլիստական հայտարարություններ տարածելու համար ակտիվացել են:
Ներկայիս իրավիճակում, երբ մի խումբ անձինք տեղից վեր են կացել ու որոշել են իրենց զինակցի՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատության համար պայքարել, ձեռքի հետ էլ երկրի նախագահի հրաժարականը պահանջել, այդ ֆոնին առավել ակնառու է դառնում, թե իրականում ինչքան է տվյալ «քաղաքական» ուժի թե՛ կշիռը, թե՛ հնարավորությունների դիապազոնը: Եթե Անդրիաս Ղուկասյանն առիթն օգտագործելովփորձում է հասակարությանը համախմբել Ազատության հրապարակում, ապա ընտրություններում բավականին շատ ձայներ հավաքած ու դրանք այդպես էլ պատշաճ օգտագործելու հմտություններ չունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար լռությունից հետո նորից հիշել է, թե ով է իրականում երկրում նման իրավիճակի մեղավորը և ինչ է հարկավոր անել:
Ի դեպ, մինչ ժ. 16.30-ը «Եվրոնյուզ» հեռուսատաալիքը չէր անդրադարձել երևանյան իրադարձություններին, սակայն այն արդեն մտավ լրահոս և հավանաբար դեռ երկար ժամանակ կշարունակի պտտվել, որպես օրվա «թիվ մեկ» իրադարձություն:
Այսինքն, այս պահին արդեն կարող ենք արձանագրել որ բախտախնդիրների մինիմում պլանն իրականացվել է, իսկ թե ինչով կավարտվի նրանց«մաքսիմում» ծրագիրը, դեռ վաղ է ասել, քանի որ ոստիկանությունն այս պահին դեռևս շարունակում է բանակցություններ վարել բախտախնդիրների հետ:
Ա. Գրիգորյան