Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
CultureՀայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պեկինի Ջինթայի արվեստի թանգարանում հուլիսի 15-ին տեղի է ունեցել հայաստանցի գեղանկարիչներ Ալեքսանդր Դերոյանի և Սևադա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.
«Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հակիրճ ներկայացրեց Հայաստանի անկախության անցած ճանապարհը: ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորեց հայ-չինական մշակութային փոխգործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով մշակութային շփումների և փոխանակումների դինամիկան:
«Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում անցկացվող մշակութային այս միջոցառումը լավ առիթ է չինացի արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական գեղարվեստը», - նշեց դեսպան Մանասարյանը։
Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՉԺՀ մշակույթի նախարարության պաշտոնյաներ, չինացի արվեստասերներ, լրագրողներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 20-ը»: