Շոգ եղանակով պայմանավորված քաղաքացիներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր
SocietyՀայաստանում առաջիկա օրերին պահպանվելու ջերմային բարձր ֆոնը: Շոգ եղանակով պայմանավորված քաղաքացիներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2լ-ից ոչ պակաս ջուր:
Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
«Հայաստանյան ամառը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ, և բարձր ջերմային ֆոնը որոշակի ժամանակ պահպանվելու է, հետևաբար շատ կարևոր է, որ բնակչությանը հիշի ճիշտ սննդակարգի, ճիշտ կենսակերպի մասին, որպեսզի հեշտ հաղթահարի շոգը: Ամենառաջինը, որ մենք խորհուրդ ենք տալիս, ջուր օգտագործելն է: Ի դեպ, խոսքը չի գնում շաքար, կոֆեին պարունակող, ինչպես նաև գազավորված ըմպելիքների մասին: Օրգանիզմում յուրաքանչյուր մոլեկուլ շաքարը տրոհման համար պահանջում է երկու մոլեկուլ ջուր, հետևաբար, երբ մենք քաղցր ենք օգտագործում, այն մեր օրգանիզմում ունեցած ջուրը սկսում է իր համար սպառել: Ինչ վերաբերում է կոֆեինին, ապա այն ունենում է կարճաժամկետ ազդեցություն, որոշ ժամանակ անց հոգնեցնում և հյուծում է մեր նյարդային համակարգը: Հետևաբար, մարդ պետք է օրական խմի 2 լ-ից ոչ պակաս ջուր»,-ասաց Նունե Բակունցը: Նրա խոսքով, շոգի ժամանակ մեր օրգանիզմն իր ներքին ջերմաստիճանը պահպանելու համար հովանում է, իսկ հովացման 80 տոկոսը տեղի է ունենում քրտնարտադրության միջոցով: Այդ ժամանակ օրգանիզմը կորցնում է ջուր, աղ և սպիտակուց:
Դրանք վերականգնելու լավագույն տարբերակը ջուրն է և թանը: Նունե Բակունցն ընդգծեց, որ եթե անձն ունի սրտանոթային կամ երիկամների հետ կապված խնդիր, ապա հեղուկի չափաքանակի հարցով պետք է խորհրդակցի բժշկի հետ:
Ինչ վերաբերում է սննդին, ապա Նունե Բակունցը նշեց, որ օրվա հիմնական սնունդը պետք է ընդունել հնարավորնիս զով ժամերին: Պետք է փոխել սննդակարգը, ճարպոտ ուտելիքների քանակը պակասեցնել, ավելի շատ ուտել բանջարեղեն: Նախընտրելի է կերակուրներն ուտել գոլ վիճակում: Ամառվա շոգին նախընտրելի է պակասեցնել քաղցր պարունակող ուտելիքները:
Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել սննդամթերք գնելիս, անպայման հաշվի առնել, թե որքանով վաճառակետերում առկա են տվյալ սննդի պահպանման անհրաժեշտ պայմանները:
Նունե Բակունցը նշեց, որ ժամը 12:00-ից 18:00-ն խորհուրդ է տրվում դրսում չլինել, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, անպայման պահպանել աչքերը և գլուխը: