Երևանի փոխքաղաքապետը հավաստագրեր է հանձնել «Ներառական կրթություն» դասընթացին մասնակից մասնագետներին
SocietyԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հավաստագրեր է հանձնել «Ներառական կրթ ություն» թեմայով մոդուլային ուսուցման դասընթացի մասնակիցներին: Երևանի քաղաքապետարանի և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին մասնակցել են կրթության առանձնահատուկ պայմանների հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատող դպրոցների տնօրենները և բազմամասնագիտական թիմը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նմանատիպ դասընթացների կազմակերպումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն առանձնակի կարևորել է ներառական կրթություն իրականացնող աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը:
«Վստահ եմ, որ բոլորդ ունեք հանրակրթական տարբեր ծրագրերի և կոնֆերանսների մասնակցության բազում հավաստագրեր, սակայն սա, ըստ իս, յուրօրինակ է ձեզ համար, ձեր մասնագիտական փորձի համար:
Համոզված եմ, որ այս դասընթացի շրջանակում սերտածը մեծապես կնպաստի ներառական կրթություն ապահովող մեր դպրոցներում այնբնպատակային կիրառելու համար: Նաև ուրախ եմ, որ ընձեռվում է մասնագիտական նման պատրաստություն անցնելու հնարավորություն, ինչը մեծապես նպաստում է, որ կարողանանք էլ ավելի տարածել ներառական կրթության թե՛ քարոզչության և թե՛ մասնագիտական հմտությունները:
Շնորհավորում եմ և շնորհակալ եմ նմանօրինակ ծրագրերին ձեր ակտիվ և պատրաստակամ մասնակցության համար, որոնք համոզված եմ, կտան ցանկալի արդյունք և կունենան տրամաբանական զարգացումներ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:
«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Թադևոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին` նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչմանն աջակցելու համար, նկատելով, որ Երևանն իսկապես օրինակելի է ներառական կրթություն իրականացնելու տեսակետից:
Հարկ է նշել, որ դասընթացի շրջանակում ներկայացվել են հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված նորմատիվները, հաշմանդամություն ունեցող երեխաներին տրվելիք անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթության գործընթացին առավելագույն մասնակցության խնդիրները: