Զինված խմբի կազմում գտնվող երիտասարդների ծնողներն անորոշության մեջ են, դիմել են հանրությանն ու իրավապահներին
SocietyՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած զինված հանցախմբի կազմում գտնվող մի քանի երիտասարդների ծնողներ դիմել են ոստիկանությանը` կազմակերպելու լրատվամիջոցների հետ շփման հնարավորություն, որպեսզի կարողանան դիմել զինված խմբի ղեկավարներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծնողները պնդում են, որ իրենց երեխաները նախկինում կ ապ չեն ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման հետ, տնից դուրս գալիս ոչ մի տարօրինակ բան չեն նկատել, միայն հետո իմացել են, որ Սպիտակից վեց երիտասարդներ եկել են Երևան ինչ-որ ցույցի մասնակցելու նպատակով և հայտնվել զինված խմբի կազմում:
ՀՀ քաղաքացի 1985թ. ծնված Էդգար Սողոմոնյանի հայրը պնդում է, որ իր որդին գտնվում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում և խնդրում իրեն վերադարձնել իր որդուն: Նման հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հանդես եկավ Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, ով առաջին կարգի հաշմանդամ է և ունի որդու օժանդակության կարիքը: Մերուժան Սողոմոնյանը պնդում է, որ իր որդին զենքից օգտվել չի կարողանում, բանակում չի ծառայել՝ տեսողության խնդիրների պատճառով: Նրա փոխանցմամբ՝ որդին Ռուսաստանից՝ Սամարայից, Հայաստան է վերադարձել հուլիսի 13-ին, իսկ հուլիսի 16-ին Էդգարը ասել է, թե գնում է ցույցի և չի վերադարձել տուն: Անդրադառնալով այն հնարավորությանը, որ ՊՊԾ գնդից դուրս գալու դեպքում հնարավոր է իր որդու նկատմամբ առաջադրվեն մեղադրանքներ, Մերուժան Սողոմոնյանը նշեց, որ բոլոր մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն:
Գառնիկ Հովակիմյանի մայրը` Մարինե Պապիկյանը, ևս պնդում է, որ իր որդին ՊՊԾ գնդի տարածքում է: Նրա տեղեկացմամբ՝ Գառնիկը 26 տարեկան է, բնակվում է Ռուսաստանում՝ Ռոստովում, որտեղ ունի ընտանիք: Հայաստան է եկել անձնագրային հարցերը կարգավորելու համար. անձնագիրը պետք է ստանար հուլիսի 21-ին, իսկ 24-ին կրկին մեկներ Ռոստով: Մարինե Պապիկյանի պնդմամբ՝ հուլիսի 17-ին որդին դուրս է եկել տնից, ինչից հետո որդու հետ վերջին հաղորդակցությունը եղել է հեռախոսով, որի ժամանակ նա ասել է, որ գտնվում են ինչ-որ շենքի տարածքում:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: