Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում է
CultureՆշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Նրա խոսքով` այդ կապակցությամբ տարբեր երկրներ ևս (Այվազովսկին իր կենսագրությամբ տարբեր երկրների հետ է կապված, այդ թվում` Ռուսաստանի և Լեհաստանի) միջոցառումներ ու ցուցահանդեսներ կազմակերպելու նախաձեռնություններով են հանդես եկել:
«Հայաստանը որպես նախաձեռնող կողմ ունի իր ծրագրերը. նախատեսվում է մեծ ցուցահանդես: Համատեղ ծրագրեր ունենք Ռուսաստանի հետ, ներկայում քննարկումներ են ընթանում նաև Լեհաստանի հետ»,-հայտնեց փոխնախարարը:
Ներսես Տեր-Վարդանյանը, խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկերում հայկական հուշարձանների ներկայացմանը, նկատեց, որ ներկայում աշխատանքներ են տանում այլ երկրների հետ համատեղ հայտեր կազմելու հնարավորություններն իրացնելու ուղղությամբ: «Համատեղ հայտերով դիմելու ուղղությունը հատկապես վերջին շրջանում մեծ թափ է ստանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից էլ մեծ հետաքրքրություն կա այդ առնչությամբ: Համատեղ հայտերի տարբերակներ քննարկվում են և հարևան երկրների` Իրանի ու Վրաստանի հետ, և Հունսաստանի ու Կիպրոսի հետ»,-ավելացրեց Տեր-Վարդանյ անը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Քոչարի ավանդական խմբապարը` լրամշակված տարբերակով, քննարկվելու է ՅՈՒՆԵՍՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության կոմիտեում 2017-ի շրջափուլում: Փոխնախարարի խոսքով` ներկայում հայկական կողմի հիմնական ուշադրությունը այդ հայտի շուրջ է:
ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահան Կաժոյանը, անդրադառնալով նշյալ կառույցում մշակութային ժառանգությունը գրանցելու հայտերի ներկայացման ընթացակարգին, նշեց, որ դա կարող է անել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՀՀ Ազգային հանձնաժողովը: «Ոչ մի կազմակերպություն, գերատեսչություն, թանգարան չի կարող հայտ ներկայացնել: Նրանք կարող են առաջարկ, գաղափար ներկայացնել նախարարությանը, հանձնաժողովին, բայց հայտ ներկայացնել չեն կարող»,-ասաց Վահան Կաժոյանը` անդրադառ նալով Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու մասին մամուլի հրապարակումներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Կաժոյանի խոսքով, երեք հանձնաժողով ունի` համաշխարհային ժառանգության, ոչ նյութական մշակութային ժառանգության և մարդկության հիշողության ցանկերը: Նրա տեղեկացմամբ` առաջինում Հայաստանից 3 գրանցված հայտ կա, երկրորդում` 4 և մարդկության հիշողության ցանկում` 3: «Ներկայում գաղափար կա կենտրոնանալ համաշխարհային ժառանգության ցանկի համալրման ուղղությամբ, քանի որ սա նյութական է, շոշափելի և դա միանշանակ նպաստում է զբոսաշրջության աճին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարդկության հիշողության ցանկը իրավականացնելու և կոնվենցիայի ենթարկելու աշխատանքներ է սկսել:
Սա մի ցանկ է, ուր ներգրավվում են արխիվներ, պատմական փաստաթղթեր: Մատենադարանի ամբողջ հավաքածուն, Արամ Խաչատրյանի ֆիլմերի համար գրված երաժշտությունը և Բենիամին Մարգարյանի աստղագիտական ուսումնասիրությունների Բյուրականի հավաքածուն ևս այս ցանկի մաս են կազմում»,-հայտնեց ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը: