Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է ձեռնափայտով քայլել
LifestyleNEWS.am-ը գրում է.
Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը սկսել է ձեռնափայտով քայլել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:
«Հովհաննեսը երեկվանից սկսել է ձեռնափայտով քայլել: Ւհարկե, չկարողացավ երկար քայլել, բայց բժիշկներն ասում են՝ մի որոշ ժամանակից ինքնուրույն ձեռնափայտով կքայլի: Բժիշկները դրա համար ամեն ինչ անում են, որ գոնե իր համար կարողանա տեղաշարժվել»,- ասաց տիկին Գայանեն:
Հովհաննեսը սկսել է նաեւ աջ ձեռքը շարժել: Նշենք, որ զինծառայողի հետ նաեւ լոգոպեդ է աշխատում, նա սկսել է նաեւ խոսել: Չի բացառվում, որ առաջիկայում նա կտեղափոխվի հոսպիտալից՝ վերականգնողական բուժման:
Հիշեցնենք, որ 21-ամյա Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթեւ վնասվածք է ունեցել եւ, հարազատների փոխանցմամբ, առանց ամբողջությամբ ապաքինվելուն սպասելու՝ նորից դիրքեր բարձրացրել:
Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ ուղեղային կոմա էր առկա։ Նա արդեն երկու անգամ վիրահատվել է Երեւանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016 թվականի մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: