Մեզ նոր արյուն պետք չէ, Հայաստանում մենք թշնամիներ չունենք. Շարմազանով
SocietyԱյսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է:
Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու խնդիրը:
«Առաջին իսկ օրվանից ԱԱԾ-ն տեղեկացնում էր հանրությանը և ԶԼՄ-ներին: ՈՒժային կառույցները և' երեկ, և' այսօր, և' դրանից առաջ ունեցել են մեկ նպատակ` առանց արյունահեղության, բանակցությունների ճանապարհով հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,- ընդգծեց Շարմազանովը:
Մեկնաբանելով իշխանության կողմից իրավիճակի վերաբերյալ լռության մասին խոսակցություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է եղել չխաթարելու և բանակցային գործընթացը չխոընդոտելու մղումով:
«Մեզ նոր արյուն պետք չէ, Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Այսօր թիվ մեկ խնդիրը` անել ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի. սա է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը: Մենք, որպես իշխանություն, անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի: Բավական է, որքան հայի արյուն է թափվել: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն լավագույն ճանապարհը երկխոսությունն է, միմյանց լսելը»,- հավելեց Շարմազանովը:
Շարմազանովը նաև ցավակցություն հայտնեց զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին: