ԶԼՄ-ները ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի հիմնական հավակնորդներին
2014 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալու առավել հավանական հավակնորդներն են ԱՄՆ-ի Անվտանգության ազգային գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, պակիստանցի իրավապատշտպան Մալալա Յուսուֆզայը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հաղորդել են արևմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով նորվեգացի փորձագետներին:
Օսլոյի Խաղաղության հետազոտական ինստիտուտի ղեկավար Քրիստիան Բերգ Հարպվիքենի կանխատեսումներով, որի խոսքը մեջբերում են լրատվամիջոցները, այս երեք թեկնածուներից առաջատարը քահանայապետն է: Նա նշել է, որ Հռոմի պապն ուշադրությունը հրավիրում է աղքատների ճակատագրին, ինչպես նաև տնտեսական ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտությանը:
Սնոուդենը, որը հայտնի է Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների գործունեության մերկացումներով, երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում առավել հավանական հաղթողների թվում: Փորձագետը նշել է, որ դափնեկիր դառնալու նրա շանսերն նույնքան մեծ չեն, որքան քահանայապետինը, որովհետև «շատերը մինչ օրս նրան համարում են դավաճան և հանցագործ»:
Հիմնական հավակնորդների ցուցակը եզրափակում է 17-ամյա պակիստանուհի Յուսուֆզայը, որն իր երկրում պաշտպանում է կանանց իրավունքները, ինչի պատճառով 2012 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել:
Ինչպես նշվել է, այս տարի խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնողների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 278 մարդ և կազմակերպություն: Նոբելյան կոմիտեն խաղաղության մրցանակի դափնեկրին կհայտարարի հոկտեմբերի 10-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: