Երկիր ղեկավարելը բուլկի թխել չէ
AnalysisՀասարակությունը դեռևս չգիտի, թե հուլիսի 17-ից մինչ օրս, այսինքն՝ արդեն 9 օր, ողջ հանրապետությունը քաոսային վիճակում պահելն ի սկզբանե ում կարող էր ձեռնտու լինել, բայց, որ այն որոշ քաղաքական ուժերի համար լավ առիթ էր սեփական իմիջը «փրկելու» և դիվիդենտեր շահելու համար, փաստ է: Ուրիշի ձեռքերով շագանակներ հանելը մի տեսակ դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, բայց մերօրյա քաղաքական լիդերները հաշվի չեն առնում մեկ շատ կարևոր հարց:
Խնդիրն այն է, որ անցած 25 տարիների ընթացքում հայ հասարակությունը քաղաքականապես այնքան է հասունացել, որ այլևս հեռու է այն մտքից, որ ինչ-որ մեկը կամ մարդկանց ինչ-որ մի խումբ հարթակից մինչև նախագահական աթոռի կարող է հասնել ընդամենը մեկ քայլով կամ ազգափրկիչ բովանդակության մի քանի ելույթով: Իհարկե, դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ եթե ներկայիս իշխանությունները գնան ու նրանց փոխարեն ավելի «հայրենասերները» գան, ամեն ինչ կկարգավորվի, բայց նրանք այն ռոմանտիկներ են, ովքեր դեռևս չեն հասցրել մարսել տերպետրոսյանական մենյուի ցանկից հրամցված շիլաների շարքը:
Իսկ նշված շիլայի համից ու բովանդակությունից կշտացածների համար իրականում այնքան էլ կարևոր չէ, թե նախագահական աթոռին այս պահին ով է նստած: Նրանք ընդամենը մեկ երազանք ունեն՝ իրենց հայրենիքում աշխատանք ունենալ և արժանապատիվ ապրել: Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ անցած տարիների ընթացքում արտադրական ենթակառուցվածքներն անխնա փոշիացնելու հարցում բոլոր ժամանակների իշխանությունների մատը խառը չի եղել, բայց դրան ըմբռնումով վերաբերվելը վնասակար է յուրաքանչյուր քաղաքացու ու ողջ երկրի «առողջության» համար:
Ստեղծված իրավիճակում, իհարկե, ընդդիմության ակտիվում բավականին ասելիք է կուտակվել, բայց դրանց մեծ մասը, սակայն, շարունակում են պոպուլիստական հայտարարություններից ու «ես, որ գամ, բոլորդ կփրկվեք»-ից այն կողմ չանցնել: Եվ այն, որ դրանք լոկ հերթական հերթապահ ու դատարկ խոստումներն են, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Իհարկե, այս օրերի համապատկերից պարզ դարձավ, որ ընդդիմության դաշտում լիդերի տիտղոսի համար պայքարողների պակաս նույնպես չկա, իսկ թե այդ թիկնոցը ում ուսերին կհայտնվի, դեռևս պարզ չէ: Այս պայմաններում հարց է ծագում, թե իշխանափոխություն ցանկացողները ում են ուզում վստահել իրենց պատկերացրած երկրի կառավարման ղեկը՝ կրկին հարթակային մտածողություն ունեցող մարդկանց խմբի՞, թե՞ նախկինում արդեն իրեն դրսևորած այս կամ այն քաղաքական գործչի:
Բայց այն, որ երկիր ղեկավարելը բուլկի թխել չէ, որ ով ինչ բաղադրատոմս ունենա, դրանով էլ առաջնորդվի, փաստ է: Ուստի իշխանություններն էլ իրենց հերթին պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալուց հետո ժողովրդի առաջ հաշվետու լինեն: Ի վերջո, երկիրը ոչ թե այս կամ այն իշխանությունների սեփականությունն է, այլ ժողովրդինը և ցանկացած իշխանություն պետք է դա գիտակցի և իր մեջ այնքան կամքի ուժ գտնի, որ կարողանա ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ու անվտանգ ապագա կառուցել և ոչ թե ժողովրդի ականջներին առավոտից երեկո մակարոններ կախելով անիմաստ զբաղեցնելով ժամանակ շահել:
Արմինե Գրիգորյան