Խորենացի փողոցում հենց նոր հրա՜շք կատարվեց...
LifestyleHraparak.am-ը գրում է.
Մի քանի րոպե առաջ Խորենացի փողոց հասվեհաս քամու նման մի տիկին մտավ ու ո՜նց էր խոսում: Ձայնն ասես տեղով մեկ լաց էր. - Հայաստանում էլ մարդ չկա, բոլորը դրսում են, համարյա արտասվելով գոռում էր նա: Ի՞նչ են ուզում այս մի բուռ ժողովրդից: Աղջիկս ու ամուսինս դրսում են, որ այստեղի մեր վարկերը փակեն:
Աղջիկս համալսարանն ավարտել, գործ չեն տալիս, բոլոր գործերն իրենցն են... Մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն... Խոսում էր առանց շունչ քաշելու ու այնքա՜ն հուզիչ...
Կողքին կանգնած էր մի կին, որի գրկում 1,5- 2 տարեկան երեխա կար: Հանկարծ այդ փոքրիկը մորից պոկվեց ու... Գլխիկը երկարացնելով, շուրթիկը մոտեցրեց լացող կնոջ ուսին: Համբուրեց նրա ուսը՝ կարծես սփոփելով նրան: Մայրը ապշած նայում էր երեխային... Ասես հրաշք լիներ: Գթության ու սիրո հրաշք: Փոքրիկն այդքա՛նը կարող էր անել, այդպե՛ս կարող էր սփոփել: Ես սա համարում եմ ցույցի ամենաանկեղծ մասը, երբ 1,5 տարեկան երեխան անգամ զգում է դիմացինի ցավը: 1,5 տարեկան երեխան: Քարերի մեջ քարերի՜ հետ ենք խոսում: 1,5 տարեկան երեխան հասկանու՜մ է...
Հասմիկ Բաբաջանյան