«Ազգ». Հայկական լեռնաշխարհը` մարդագոյացման հայրենիք
ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ամերիկացի մասնագետների համատեղ պեղումները Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում Հրազդան գետի ափին, նոր բացահայտումների առիթ են հանդիսացել: Բազալտի շերտերի արանքում թաքնված հրաբխային մոխրի մեջ, որը 330 հազար տարեկան է, հայտնաբերվել են հնագույն քաղաքակրթության արգասիք գտածոներ: Դրանք օբսիդիանից պատրաստված գործիքներ են, որոնք, մասնագետների հավաստմամբ, վկայում են մարդագոյացման ու մարդկային գործունեության նոր բացահայտումների մասին: Գրում է «Ազգ»-ը:
Աշխարհն առաջնորդվում է այն համոզմունքով, որ մարդն առաջացել է Աֆրիկայում եւ գործիքներ պատրաստելու մեթոդներին տիրապետելով իր փորձառությունը տարածել է Եվրասիայում ու ամբողջ աշխարհում: Աֆրիկայում հայտնաբերված քարի մշակման ինդուստրիային հանդիպում ենք նաեւ Առաջավոր Ասիայում: Սակայն այդ գործիքների տարիքն ավելի փոքր է, քան Նոր Գեղիի գտածոներինը: Բացի այդ, քարի մշակման ու գործիքներ ստանալու երկու տարբեր մեթոդները միաժամանակ ու միասին են գտնվել Հրազդանի կիրճումՙ բազալտի շերտերի արանքում, իսկ Աֆրիկայում եւ այլ վայրերում այդ մեթոդները հայտնաբերվել են առանձին-առանձին: Սա նշանակում է, որ Հայկական լեռնաշխարհում հենց բնիկներն են պատրաստել իրենց գործիքները. մեզանից մոտ 2 միլիոն տարի առաջ քարի մշակման առաջին մեթոդով մեծ ու պարզունակ առարկաներ են ստացել, իսկ ավելի ուշՙ պատրաստման ավելի բարդ տեխնոլոգիա պահանջող թեթեւ հատիչներ:
Գիտական այս վերլուծությանը հաջորդում է մի կարեւոր փաստ եւս. սա նշանակում է, որ մարդկային գիտակցությունը բնականոն ընթացքով փուլ առ փուլ է զարգացել ու նույն տեղում: Երրորդ փաստը. գործիքները պատրաստված են Հայկական լեռնաշխարհի, ավելինՙ Սյունիքի օբսիդիանից: Եվս մի ապացույց, որ այն պատրաստողը տեղաբնակ է եղել եւ պատրաստման եղանակներն էլ, այսպես ասած, չի ներկրել դրսից: Կենսաբանական արարածը, որը դեռեւս մարդ բանականը եւ նույնիսկ ուղիղ քայլող մարդը չէ, սկզբում քարը տաշել-հղկել է եւ այն կիրառելՙ որպես հատիչ, իսկ ժամանակի ընթացքում զարգանալով ու դառնալով ուղիղ քայլող մարդ, քարը տաշել է ու տաշած կտորներից է պատրաստել հատիչը, որն ավելի թեթեւ է եւ սուր: Գիտակցության այդ առաջընթացը պահանջել է մեկ միլիոն տարուց ավելի: Մարդկային զարգացման թե՛ սկզբնական, թե՛ հաջորդ փուլերը պարզ դրոշմված են միաժամանակ ու նույն տեղումՙ բազալտի շերտերի արանքում: Այսինքնՙ քարի մշակման, հետեւաբար, մարդկային գիտակցության զարգացման փուլերը հայաստանյան պեղումների արդյունքում ոչ թե փոխարինել են միմյանց, ինչպես Աֆրիկայում, այլ հաջորդել միմյանց, երկրորդը հիմնվել է առաջինի վրա:
Շարունակությունը' «Ազգ»-ի այսօրվա համարում: