Զինված խմբի անդամները ՊՊԾ գնդում պատանդ են վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշկներին
SocietyՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում պատանդ են վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշկներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։
Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,- գրել է Ահարոնյանը: