Բժիշկներին պատանդ վերցնելը և պահելը միջազգայնորեն դատապարտելի է. փաստաբան
SocietyԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Շտապօգնության աշխատակիցների իրավունքներին, փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդառության դատապարտումը ամրագրված է միջազգային նորմերով եւ անգամ պատերազմական վիճակում բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդ վերցնելը արգելված է:
«Ֆորմալ իրավական առումով բժշկին պատանդ վերցնելը խիստ դատապարտելի է, սակայն դեպքը պետք է ստուգվի, որովհետեւ հնչում են հակակշիռ տեսակետներ` պատա՞նդ են նրանք, թե՞ ոչ: Եվ եթե պարզվի, որ պատանդ են պահվում, ապա դա դատապատելի է Քրեական օրենսգրքի 218 հոդվածով, դասվելով ծանր հանցագործությունների շարքին` ծանր պատիժ է սպասվում, եթե նման հանցակազմ քննությունը պարզի»,- ասաց նա:
Արմինե Ֆանյանը, անդրադառնալով նաեւ պետության պարտականություններին, ասաց. «Պետության պարտականությունն է ապահովել ՊՊԾ տարածքում գտնվող անձանց, կյանքի իրավունքը եւ բժշկական օգնության տրամադրումը, եթե կան վիրավորներ, հակառակ դեպքում, նույն եվրոպական կոնվենցիայի համաձայն, դա կդիտվի որպես անմարդկային վերաբերմունք»:
Նա նաեւ հավելեց, որ կյանքի իրավունքը այս կոնկրետ իրավիճակում որեւէ կերպ սահմանափակման ենթակա չէ, պետությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի` ապահովելու ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բոլոր անձանց կյանքի իրավունքը: Խոսքը կյանքի` որպես բացարձակ արժեքի ապահովման պետության գործառույթի մասին է: Պետությունը իրավական հիմք չունի չտրամադրել բժշկական օգնություն ՊՊԾ գնդում գտնվող վիրավորներին»,- ասաց փաստաբանը: