Հայ վայ քաղաքագետները՝ ադրբեջանական PR-ի գործիք
AnalysisՀայ քաղաքագետների մի մասը ԼՂՀ հարցի կարգավորման շրջանակում սեփական դիտարկումները ներկայացնելու և նոր լուծումներ առաջարկելու փոխարեն, չգիտես ինչու, լծված են այս ու այն երկրի մամուլում հրապարակված հերյուրանքները հայկական մամուլում տիրաժավորելով: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք նման «աղբից» այնքան են ոգևորվում, որ շատ հաճախ չեն էլ նկատում, թե ում ջրաղացին են իրականում ջուր լցնում:
Տեսակետ կա նաև, որ որոշ վայ քաղաքագետներ հենց նման պատվերի համար են դրսից ֆինանսավորում ստանում և այդ է պատճառը, որ այդքան օպերատիվորեն են կարողանում գտնել, օրինակ՝ ռուսական այս կամ այն ֆեյք կայքում հրապարակված անհայտ ծագման և ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող հոդված կոչվածներն ու հրամցնել հայկական մամուլին:
Հեռու ենք այն մտքից, որ այդպիսի վայ քաղաքագետներն իրականում չգիտեն, որ դրանով իրենց մեծագույն ծառայությունն են մատուցում սովորական ադրբեջանական PR-ին, որի մեծագույն նվաճումը կարելի է համարել հայ հասարակության շրջանում խուճապային տրամադրություններ առաջացնելուն միտված մանիպուլյացիոն գործողությունների հաջող իրացումը: Բայց ե՞րբ են դրսում տարբեր դասեր սովորած մեր քաղաքետները հասկանալու, որ իրենց գործը ոչ թե ուրիշի հերյուրանքները տարածելն է, այլ այս կամ այն ստի պատասխանները գտնելը և նույն աղբյուրներին հրամցնելը:
Հայկական մամուլն էլ առանց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, հավատալով մի քանի խելոք միտք արտահայտած այս կամ այն քաղաքագետին, սկսում է սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում հիստերիկ ջղաձգումներով իրարանցում բարձրացնել, թե` վայ հասեք, տարան, հողերը տվեցին և այլն:
Մնում է մեր ադրբեջանական խոսափող դարձած վայ քաղաքագետներին հիշեցնել, որ իրար տակ փորելուց ու երկիրը աճուրդի հանելուց առաջ պետք է միշտ հիշել, որ ռուս, իսպանացի, ֆրանսիացի, թե ղըրղըզ, գումարի դիմաց են ԼՂՀ-ի մասին «խոսում» և ամեն մի ծախու արարածի ջրաղացին ջուր լցնելու փոխարեն, լավ կլինի, որ պատմության էջերն ուսումնասիրեն ու ավելի խելոք հակափաստարկ ներկայացնեն:
Ժամանակին էլ, եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե Ադրբեջանը կառուցելու մասին մտածեր, այլ սեփական ժողովրդի հաղթանակներով հպարտանար, այսօր բոլորովին այլ Հայաստան կունենայինք, այսինքն` ծախվելու մարմաջը ամենասկզբից եղել է: Փաստորեն, ամենասկզբից էլ մեզ խաբել են մեր իշխանությունները, իսկ հիմա արդեն ուշքի գալու և հին կտերը չուտելու ժամանակն է:
Այնպես որ, հարգելի´ քաղաքագետներ, եթե ասելիք չունեք, լավ կանեք` լռեք, ոչ թե դրսի դուդուկի «մեղեդիներից» ոգևորված հասարակությանը փորձեք խուճապի մատնել ու դրանից հաճույք ստանալ:
Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա այն պոզով կամ պոչով չի լինում: Նման լուրեր տիրաժավորելը նույնպես դավաճանություն է սեփական ազգի ու երկրի հանդեպ, որը ցավոք միջազգային կամ տեղական օրենքներով սահմանված չէ, բայց շատ վնասաբեր և խիստ դատապարտելի արարք է:
Արմինե Գրիգորյան