Վիեննայում կայացել է «Գեղարդ» երգչախմբի համերգը
CultureԱվստրիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հուլիսի 27-ին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի է ունեցել հանրաճանաչ «Գեղարդ» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայասատանի Հանրապետության անկախության 25-ամյակին։
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնու թյան հետ կապի վարչությունից:
Համերգին ներկա են եղել բազմաթիվ ավստրիացի հասարակական ու մշակութային գործիչներ, երաժշտագետներ, հոգևորականներ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկայացրել է երգչախմբի պատմությունը՝ բարձր գնահատելով երգչախմբի նվիրական գործունեությունը՝ ուղղված աշխարհով մեկ հայկական մշակույթի ներկայացմանը:
«Գեղարդ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, իր հերթին, ներկայացրել է հայկական հոգևոր երաժշտությունը։ Համերգի ընթացքում երգչախումբը կատարել է Կոմիտասի, Երկանյանի, Աղաջանյանի և այլ կոմպոզիտորների մշակմամբ հայկական հոգևոր և ժողովրդական երգեր։
«Գեղարդ» երգչախումբը եվրոպական երկրներով իր համերգաշարը սկսել է Վիեննայից, որտեղից մեկնելու է Զալցբուրգ՝ մասնակցելու «Զալցբուրգեր Շպիլֆեստ» ամենամյա երաժշտական փառատոնին: