Լրագրողները` երկու քարի արանքում, իշխանությունները` ձկան նման լուռ
AnalysisԵրեկ գիշեր Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով, բողոքի ակցիայի մասնակիցներից բացի, տուժեցին նաև լրագրողները, սակայն դա ո՞ւմ էր այդքան անհրաժեշտ, դեռևս պարզ չէ:
Ընդդիմությունը շտապեց տարածել իր վարկածը, թե լրագրողների վրա հարձակում գործած անձինք քաղաքացիական հագուստով ոստիկաններն են եղել: Իշխանությունները, սակայն, արդեն մի քանի ժամ է` լռում են: Նրանք ո´չ հաստատում են ընդդիմության վարկածը, և´ ոչ էլ հերքում: Քար լռություն պահպանելով` իշխանությունները շարունակում են ջուր լցնել ընդդիմության ջրաղացին: Փաստորեն, տեղեկատվական վակուումի պայմաններում ում մտքով ինչ էլ անցնի, կարող է շատ արագ շարադրել ու տարածել հասարակության մեջ:
Զանգվածային միջոցառումը լուսաբանող լրագրողներին թիրախավորելը, սակայն, չի կարող տեղավորվել որևէ տրամաբանության մեջ: Նրանք, առանց խոչընդոտելու երկու կողմերի «աշխատանքին», կատարում էին իրենց գործը, ինչը ցավոք ինչ-որ անձինք չկարողացան մարսել: Տեսախցիկների առկայությունն անշուշտ մեծացնում է երկու կողմերի պատասխանատվությունը, սակայն դա չի կարող առիթ լինել, որ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողները բռնությունների ենթարկվեն: Սա դատապարտելի է, քանի որ մի կողմից` պարզ է դառնում, որ իշխանություններին, այնուամենայնիվ, չի հաջողվում լրագրողների անվտանգությունն ապահովել: Եվ դա ոչ թե համակարգի կողմից թույլ տրված բացթողում է կամ թերություն, այլ մեծ խնդիր, որի պատասխանները նույնպես առայժմ չկան: Ինչ վերաբերում է անհնազանդության կազմակերպիչներին, ապա չի բացառվում, որ լրագրողներին թիրախավորելն ի սկզբանե կարող էր հենց ցույցի կազմակերպիչների սցենարի մի մասը լինել, քանի որ որքան շատ լրագրող տուժի, այնքան մեծ կլինի աղմուկը, իսկ ասելիքը` շատ: Սա նորություն չէ, այլ՝ զանգվածային անկարգություններ հրահելու տեխնոլոգիաներից մեկը:
Ի սկզբանե էլ պարզ էր, որ անհնազանդության կազմակերպիչներն իրենց հաշվարկները «լավ» էին կատարել և նախապես պլանավորել ոստիկաններին մոլորեցնելու և խուճապի մատնելու սցենարը: Դա նույնպես դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ ակցիայի կազմակերպիչները հանգիստ խղճով ժողովրդին մատաղացու գառի տեղ դրած սկզբում տարան փակուղի, հետո «հանձնեցին» : Հիմա արդեն գործի են անցել հաշվիչ ՀԿ-ները, ովքեր պետք է հաշվետվություններ ներկայացնեն իրենց տերերին, թե քանի ցուցարար ու լրագող ինչ վնասվածք է ստացել, ինչ ծանրության և այլն: Այս ֆոնին իշխանությունների քարի պես լուռ ու անտարբեր ձևանալը չի կարող նորմալ լինել, քանի որ նրանք իրավիճակի ողջ պատասխանատվությունը բարդել են ոստիկանների վրա ու գնացել պասիվ «հանգստի»: Ուժայինների թիկունքում թաքնված` նրանք բերանները ջուր առած 14 օր է` սպասում են ու դեռ այնքան ժամանակ հանգիստ կսպասեն, քանի դեռ ժողովրդի նետած քարը ոչ թե իրենց առանձնատների պատուհաններին է դիպչում, այլ ոստիկանների, լրագրողների և ժողովրդի գլխին:
Արմինե Գրիգորյան