Բարձրակրունկները կարող են քաղցկեղի պատճառ դառնալ
Lifestylemed.news.am-ը գրում է.
Քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնում է ոչ միայն ծխելը, ճարպակալումը եւ ալկոհոլի չարաշահումը, այլեւ բարձրակրունկ կոշիկ հագնելը: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների խոսքով՝ այդպիսի կոշիկ հագնելը ոչ միայն ոտքերը եւ հոդերն է վնասում, այլեւ օրգանիզմում բորբոքային պրոցեսների պատճառ է դառնում, որոնց հետեւանքով կարող են առաջանալ քաղցկեղ եւ շատ այլ հիվանդություններ:
Անհարմար կոշիկի երկարատեւ կրումը հանգեցնում է ցավային զգացողությունների, իսկ ցավը նպաստում է ամբողջ մարմնում բորբոքային պրոցեսների առաջացման: Երկարատեւ բորբոքումը օրգանիզմի վրա կործանարար ներգործություն է ունենում:
Գիտնականները նշել են, որ բորբոքումների որոշակի տարատեսակները կապված են շատ ավելի ծանր դեգեներատիվ հիվանդությունների՝ ներառյալ սրտային հիվանդություններ, Ալցհայմերի հիվանդության, շաքարախտի, աուտոիմունային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի հետ: Եվ չնայած չարորակ ուռուցքները կարող են հարուցվել մեր ԴՆԹ-ում գեները փոփոխությունների ենթարկած վնասվածքների կողմից, այն ամենը, ինչ վնասում է ԴՆԹ-ն, խոչընդոտում է նաեւ ԴՆԹ-ի վերականգնման բնական պրոցեսներին՝ մեծացնելով քաղցկեղի առաջացման վտանգը: Այլ խոսքով՝ քրոնիկական բորբոքումը կարող է կանգնեցնել ԴՆԹ-ի վերականգնման բնական պրոցեսը, որն անհրաժեշտ է այդ բորբոքման դեմ պայքարելու համար: Իսկ դա ձեզ անպաշտպան կդարձնի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների առջեւ
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ֆիզիոլոգների պնդմամբ՝ բարձրակրունկների կարճաժամկետ կրումն, ի դեպ, կարող է ամրացնել կոճի մկանները, մինչդեռ երկարաժամկետ կրումը նույն մկանները թուլացնում է: Նախկին հետազոտություններով ենթադրություն է կատարվել, որ բարձրակրունկները հանգեցնում են մի շարք խնդիրների՝ ներառյալ ոտքերի մատների ձեւախեղման, մկանների հոգնածության եւ օստեոարթրիտի: