ԵԽԽՎ-ն Հայաստանին խրախուսող և Ադրբեջանին քննադատող բանաձև է ընդունել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն աշնանային նստաշրջանի արդյունքներով ընդունել է բանաձև, որում դրական է գնահատել Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ներդրման փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթում նշվում է, որ նման փոփոխությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և սկիզբն է սահմանադրական բարեփոխման գործընթացի:
ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ: Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում կա հետընթաց մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգելու հարցում:
ԵԽԽՎ-ն պատասխանատվության է հրավիրել Ադրբեջանին' կոչ անելով երկրի իշխանություններին ու կառավարությանը զերծ մնալ քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումներից, երաշխավորել, որ դատական համակարգը չի օգտագործվում քաղաքական նպատակներով և անհապաղ կերպով ազատ արձակել ճաղերի հետևում գտնվող քաղբանտարկյալներին:
Փաստաթղթում նշվում է, որ Բաքվի իշխանությունները պետք է իրագործեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և հարգեն մարդու տարրական իրավունքներն ու ազատությունները' այդ թվում և խոսքի, կազմակերպությունների և հավաքներ իրականացնելու ազատությունը: