Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին շուրջօրյա հսկողություն է կատարվում
Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհին (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, հոկտեմբերի 3-ին, տեղի էր ունեցել քարաթափում։ Փլուզվել էր ճանապարհի վերին շեպը մոտ 400 խմ ՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։
«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ամբողջ գիշեր իրականացրած օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ լուսադեմին ճանապարհն արդեն մաքրվել էր քարերից և ամբողջությամբ երթևեկելի էր, սակայն փլուզման վտանգը վերացված չէ։ Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։
«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության ղեկավար Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում չի դադարել մանր քարերի հոսքը։ Ճանշինի աշխատակիցների կողմից սահմանված է հերթապահություն, ճանապարհն, ըստ անհրաժեշտության, անընդմեջ մաքրվում է՝ ապահովելով տրանսպորտային միջոցների ազատ երթևեկը։
Տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում առաջարկվեցին խնդրի ժամանակավոր, ինչպես նաև վերջնական լուծման տարբերակներ։ Լանջի թեքությունն ապահովելու, ճանապարհի այս հատվածում հետագա քարաթափումներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ։ Իսկ մինչ այդ՝ ճանապարհը կլինի ճանապարհաշինարարների հսկողության ներքո։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն