Այս քննությունից իշխանություններն իրավունք չունեն կրկին զրո ստանալ
AnalysisՑավալիորեն ամեն անգամ հաջողվում է հասարակությանը բաժան-բաժան անել և իրար դեմ հանել: Սա գուցե հայի գենում թաքնված արատ է, սակայն հենց դա է դարեր ի վեր եղել պետության և պետականության կորստի հիմքը: Խնդիրն այն է, որ մեզանից շատերը յուրովի, բայց սիրում են իրենց երկիրը, բայց քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր առաջնորդվում են «որքան վատ, այնքան իրենց համար լավ» սկզբունքով, ինչի պատճառով էլ սկսվում է խարխլվել ամեն ինչ, այդ թվում` պետության և պետականության հիմքերը:
Ու եթե պայքարում ենք հանուն երկրի բարգավաճման, ապա պետք է մի կողմ դնենք «մերոնք-ձերոնք» մոտեցումը և ավելի համախմբված պայքարենք ցանկացած արատավոր երևույթի դեմ: Ի դեպ, իշխանություններն առաջինը պետք է հասկանան, որ իրենք են հասարակությունը յուրայինների և օտարների բաժանողները: Եվ դա սկսվում է դպրոցում՝ աշակերտական նստարանից և հետո մեծանում ու տարածվում է` հասնելով ուր ասես: Այնպես որ, իշխանությունները պետք է նախ` սկսեն սիրել ու հարգել իրենց քննադատողներին, ոչ թե իրենց առջև մինչև գոտկատեղը խոնարհվողներին, որպեսզի երկիրն իսկապես երկիր դառնա:
Ու քանի դեռ համախմբվել ասվածն ամեն ոք շարունակում է յուրովի ընկալել ու փորձում է ժամանակին համահունչ, տվյալ ժամանակահատվածի համար թրենդային համարվող այս կամ այն ճամբարում հարմար «տեղավորվել» ու կամաց-կամաց վերմակն իր կողմը քաշել, ոչինչ էլ չի ստացվի:
Մեկ բան ակնհայտ է, որ մարդիկ իսկապես հոգնել են ստից, իմիտացիաներից ու կեղծ բարեպաշտներից: Ի դեպ, նրանք ամենուր են` թե՛ իշխանական օղակներում, թե՛ ընդդիմադիր դաշտում, հակառակ դեպքում ընդդիմությունը ընդդիմություն կլիներ և պոպուլիստական «պուպուշ» ճառերը վաղուց մի կողմ թողած իշխանություններին կստիպեր ապօրինություններին օր առաջ վերջ տալ ու անվերապահորեն ծառայել թե՛ հայրենիքին, թե՛ ժողովրդին:
Ու թեև հասարակությունը ականջ շոյող արտահայտություններ լսելով ամեն անգամ ակտիվանում է ու դրան բուռն արձագանքում` մտածելով, թե եկել է փրկության ժամը, բայց այսքան տարի հետո էլ պարզ է դառնում, որ ընդդիմադիրները «դրսից տղա բերելուց» բացի չեն կարողանում հստակ քաղաքական օրակարգ ձևավորել ու դրանով առաջ շարժվել:
Զինված խմբի անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու ու հետո զենքը վայր դնելու քայլն անշուշտ դեռ երկար կմեկնաբանվի: Բայց մեկ բան ակնհայտ է՝ նրանք իրենց այդ քայլով ապացուցեցին, որ չեն պատրաստվում զենք բարձրացնել իրենց հայրենակիցների վրա: Կրկին ընդգծենք, որ ինչքան էլ փորձենք ընդունել, որ զենքի ուժով ոստիկանության գունդը գրավելը հուսահատությունից ծնված քայլ էր, այնուամենայնիվ, պայքարի «ակն ընդ ական» ձևն իր մեջ հեռուն գնացող այնքան վտանգներ է պարունակում, որի հետևանքները նոր տեսակի քաոսի առջև կկանգնեցներ մեզնից յուրաքանչյուրին:
Ինչ վերաբերում է ակնարկներին, թե ինչ-որ ներքին ուժեր փորձել են զինված խմբի տղաների միջոցով իրենց հարցերը լուծել իշխանությունների հետ, գուցե հեռու չէ իրականությունից, բայց արի ու տես, որ ստվերային «պատերազմում» կրկին տուժեցին անմեղ ու միամիտ մարդիկ, այսինքն` հասարկությունն այս անգամ էլ օգտագործվեց ինչ-որ մարդկանց կողմից, ում անունները իշխանություններն առայժմ խնամքով թաքցնում են: Բայց նրանք պարտավոր են հասարակության հետ բաց տեքստով խոսել, որպեսզի ժողովուրդը գոնե մեկ անգամ հասկանա, թե ինչի կամ ում համար է փողոց դուրս եկել:
Ու հիմա արդեն, երբ ավարտվել է այսբերգի չերևացող մասի «բազարը», դրան հաջորդել է քաղաքական գործիչներին ու զինված տղաներին մեղադրանքներ առաջադրելու գործընթացը: Բայց թացը չորի հետ խառնելն անթույլատրելի է, հատկապես, երբ հասարակությունը լավ գիտի, թե այդ օրերին հարթակից կամ դրսում ով ինչ էր ասում ու ինչպես էր ջանում հասարակությանը հետ պահել արնահեղությունից: Այնպես որ, գնդակը դեռ շարունակում է իշխանությունների դաշտում մնալ և այս քննությունից իշխանություններն իրավունք չունեն կրկին զրո ստանալ:
Արմինե Գրիգորյան