Ստեփանակերտում բացվել է ազգային տարազների ցուցահանդես վաճառք
CultureԱրցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ազգային տարազների ցուցահանդես վաճառքը: Այն տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջաննակում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և այլք:
Բակո Սահակյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում՝ դրանք համարելով նշանակալի մշակութային իրադարձություն երկրի կյանքում, որոնք իրենց ուրույն դերակատարությունն են ունենում ազգային ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը միջոցառման բացումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն նպաստելու Երևանի ու Ստեփանակերտի միջև մշակութային կապերի ամրապնդմանը: