Ինտիմ հիգիենայով տարվածությունը 2 անգամ մեծացնում է ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկը
LifestyleNEWS.am Medicine-ը գրում է.
Ինտիմ ցնցուղով չափազանց մեծ տարվածությունը վտանգավոր է կանանց համար եւ կարող է 2 անգամ մեծացնել ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկը, զգուշացնում են National Institute of Environmental Health Sciences-ից ամերիկացի փորձագետները:
Նախորդ հետազոտություններն արդեն կապ են ցույց տվել ինտիմ ցնցուղի (հեշտոցը հատուկ սարքով ներսից լվանալու) եւ սնկային վարակների, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների զարգացման եւ էկտոպիկ հղիության բարձր ռիսկի միջեւ: Հետազոտողները նաեւ կապ են հայտնաբերել ինտիմ ցնցուղի եւ արգանդի վզիկի քաղցկեղի, ցածր բեղունության, ինչպես նաեւ ՄԻԱՎ–ով եւ սեռական եղանակով փոխանցվող այլ հիվանդություններով վարակման բարձր ռիսկի միջեւ:
Նոր հետազոտության ընթացքում առաջին անգամ կապ է հայտնաբերվել ձվարանների ուռուցքների եւ ինտիմ ցնցուղի միջեւ. այն կանայք, որոնք ինտիմ ցնցուղ են օգտագործում, երկու անգամ ավելի հաճախակի են բախվում քաղցկեղի նման տեսակի հետ:
Կանացի հեշտոցն ինքնամաքրվում է, այդ պատճառով այն ինչ-որ բանով լվանալու կարիք չկա, նշում են գիտնականները: Չնայած դրան, որոշ կանայք հատուկ հոտազերծիչներ, սփրեյներ եւ հեշտոցի համար այլ նյութեր են օգտագործում`չմտածելով, որ դա կարող է շատ վնասակար լինել: Հեշտոցի լվացումը բացասաբար է ազդում բնական հաշվեկշռի վրա, որը հաստատվում է այնտեղ: Ինտիմ ցնցուղը կարող է վնասակար բակտերիաների ավելորդ աճի պատճառ դառնալ, հանգեցնել սնկային վարակների առաջացման եւ նպաստել պաթոգենների ներթափանցմանը արգանդ, ֆալոպյան փողեր եւ ձվարաններ:
Չնայած շատ մասնագետներ կանանց խորհուրդ են տալիս հրաժարվել այդ պրակտիկայից, վիճակագրությունը ցույց է տալիս, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 25 տոկոսը 15-ից 44 տարեկանում կանոնավոր կերպով ինտիմ ցնցուղ է օգտագործում: