Բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
CultureՍեւան քաղաքի մշակույթի կենտրոնում բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Արեւմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի եւ եկեղեցիների դռների լուսանկարները:
Ցուցահանդեսի բացմանը նախորդեց հանդիսավոր նիստը, որտեղ ներկայացվեց ցուցահանդեսի նշանակությունը հայ մշակութային արժեքների պահպանության գործում: «Ցուցահանդեսի նախաձեռնողներն ու կազմակերպիչները շնորհալի ու հայրենասիրական մեծ գործ են կատարել: Երկու շաբաթների ընթացքում մեր քաղաքացիներն այս ցուցահանդեսից հայրենասիրության կայծեր կտանեն իրենց հոգիներում»,- նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը: Ցուցահանդեսն օրհնեց Գեղարքունյաց թեմի Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Նշան քահանան: Ներկաները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսի նախապատմությանը, գրանցած հաջողություններին ու աշխարհագրական տարածմանը, ձեռք բերած ազգապահպան նշանակությանը:
Ինչպես ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը, ընտրվել են հայոց վանքերի ու եկեղեցիների այնպիսի դռների լուսանկարներ, որոնցով դարեր շարունակ մարդիկ ելումուտ են արել, մոմ վառել ու աղոթք արել առ Աստված:
«Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, երբ ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը եւ տեր Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով եւ երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք»,- ասաց Խաչիկ Եղոյանը:
Այն առաջին անգամ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ամփոփման ժամանակ, իսկ 2016 թվականը նախաձեռնողների կողմից հայտարարվել է շրջագայությունների տարի:
Հայաստանի Հանրապետության մարզերում սա երկրորդ ցուցադրությունն է, իսկ Գեղարքունիքի մարզում՝ արդեն երրորդը՝ Գավառ եւ Մարտունի քաղաքներից հետո: Նախաձեռնողներն առաջարկներ ունեն տարբեր երկրներից, բայց իրենց գերնպատակը լուսանկարները Ստամբուլում ցուցադրելն է, որը կյանքի կկոչվի առաջիկայում:
Ցուցահանդեսի բացման առաջին իսկ պահից Սեւանի մշակույթի տուն այցելեցին մտավորականներ, արվեստասերներ, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, բազմաթիվ հետաքրքրասերներ: