Շիրակի մարզի համայնքները թերացել են սեփական եկամուտների հավաքագրման հարցում
Society Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ թերացել են սեփական եկամուտների հավաքագրման հարցում: Օգոստոսի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են ընդամենը 79 տոկոսով՝ մոտ 220 մլն դրամի թերակատարումով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նվազում կա ինչպես հողի հարկի, այնպես էլ մյուս հարկատեսակների հավաքագրման մասով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է հավաքագրվել մոտ 56 մլն դրամ:
Համեմատաբար ցածր արդյունքներ են գրանցել Ախուրյանի նախկին վարչական շրջանի համայնքները, իսկ բարձր՝ քաղաքային համայքները, սակայն 100 տոկոսանոց ցուցանիշներ չեն արձանագրել նաև քաղաքները:
Մարզի 119 համայնքից 57-ը միջին ցուցանիշը (79 տոկոս) չի ապահովել, իսկ 25 համայնք նույնիսկ 50-ի սահմանը չի հատել:
Այս մասին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: Մարզում ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր փոխմարզպետների գլխավորությամբ այս համայնքների հետ հարկերի հավաքագրման գործընթացին աջակցելու նպատակով:
«Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են համայնքների հետ, սակայն կան համայնքներ, որոնց հետ կամ աշխատանքը չի ստացվում, կամ սայլը տեղից չի շարժվում, մինչդեռ պետական բյուջեից համայնքերին ոչ մի պարտք ու պահանջ չկա»,-նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը: