Երևանում բացվել է Ռոբերտ Կարապետյանի «Արվեստի աշխարհում» հոբելյանական ցուցահանդեսը
CultureԼուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի ծննդյան 80 և մասնագիտական գործունեության 60-ամյակին նվիրված «Արվեստի աշխարհում» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվել է Երևանում:
«Իմ հայրենիքը Հայաստանն է, չնայած ապրում եմ ԱՄՆ-ում: Հուզված եմ և երջանիկ, որ այստեղ եմ»,- Արմենպրեսի հաղորդմամբ նշեց Ռոբերտ Կարապետյանը:
«Ռոբերտը արվեստանոցն է փոխել, ոչ թե հայրենիքը: Կարծում եմ՝ սա անցյալ դարի երկրորդ կեսի մշակութային արժեք ունեցող կարևորագույն ցուցահանդեսներից է»,- նշեց լրագրող Վանիկ Սանթրյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Սեյրանուհի Գեղամյանի խոսքով` լուսանկարներից յուրաքանչյուրը համարժեք է մի գրքի: Այդ լուսանկարներն ավելին արժեն քան տասնյակ էջերը: Դրանք և՛ գեղանկարչական, և՛ գեղարվեստական տարր են պարունակում, որոնք անհրաժեշտ են մեզ և ապագա սերունդներին:
«Ռոբերտը պահը անմահացնելու տաղանդ ունի: Նա սև և սպիտակ լուսանկարներ ստեղծելու վարպետ է, բարձր մակարդակ ունեցող լուսանկարիչ, Հայաստանի ապագայով մտահոգված անհատ: Իր մարդկային որակների, նվիրվածության շնորհիվ բոլորիս սիրելին է դարձել»,- նշեց դրամատուրգ, հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանը:
Ցուցահանդեսում ներկայացված սև ու սպիտակ լուսանկարներում պատկերված են հայ անվանի գործիչներ Պարույր Սևակը, Վարդան Աճեմյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Վահրամ Փափազյանը, Օֆելյա Համբարձումյանը, Մարտիրոս Սարյան և այլք:
Բացման արարողությանը «Գրաթերթ» պարբերականի կողմից Ռոբերտ Կարապետյանին հանձնվեց «Տարվա լավագույն լուսանկարիչ» մրցանակը:
Ռոբերտ Կարապետյանը բազմիցս լուսանկարչական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Նա նկարահանել է «Իմ Երևանը», «Վազգեն Մուրադյան», «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարները: