ՄԻՊ-ն Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն
SocietyԵրեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետեւ, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել եւ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա.Մարտիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում: Հաշվի առնելով Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել եւ այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով: Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաեւ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին: