Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը
SocietyԾաղկաձորում օգոստոսի 10-15-ն անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Մասնակցում են թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից: Հայաստանից փառատոնում ընդգրկված են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան` «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ: Երև անի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով, բավական հագեցած ծրագիր է սպասվում: Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:
«Հանդես են գալու նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, կցուցադրվեն նրանց ավարտական աշխատանքները, կլինեն պարային ներկայացումներ: Ներկայացվելու են նաև էթնիկ պարեր, բրեյք-դանս: Փառատոնի օրերին անցկացվելու են վարպետության դասեր ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հյուրերի` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչի, ֆրանսահայ հայտնի դերասան Վահրամ Զարյանի և այլոց մասնակցությամբ»,-ասաց Ժիրայր Դադասյանը: Փառատոնի շրջանակներում Ծաղկաձորից բացի, ցուցադրություններ են լինելու նաև Դիլիջանում:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ այս փառատոնը տարեցտարի զարգացում է ապրում, աջակիցներն ամեն տարի ավելանում են:
«Մնջախաղը` որպես արվեստի ուղղություն, խիստ կարևորվում է այն պատճառով, որ այն ընկալման իմաստով շատ ավելի մատչելի է, քան արվեստի մի շարք այլ ուղղություններ: Դրա համար մնջախաղն ընկալելի է հասարակության շատ ավելի լայն խավերին: Անդրադառնալով փառատոնի այս տարվա ձեռքբերումներին` ասեմ, որ ՀՀ վարչապետի նախաձեռնութամբ այն դարձել է ամենամյա: Դրանից բացի, այս տարի փառատոնի շրջանակում կանցկացվի միջազգային կոնֆերանս, որի ընթացքում կքննարկվեն արվեստի այս ճյուղին վերաբերող հարցեր»,-ասաց փոխնախարարը:
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, կարևորելով Ծաղկաձորում փառատոնի անցկացումը, նշեց, որ այն ընդգրկվել է շատ տուրիստական ընկերությունների փաթեթներում:
«Այս օրերին շատ հանգստացողներ ունենք, հյուրանոցներում պարզապես տեղ չկա: Դա ոգևորիչ է, որովհետև անմիջապես կապ ունի մեր քաղաքի տնտեսության հետ: Նման միջազգային փառատոններն իրենց հետ բերում են այցելուների մեծ հոսք, քաղաքը, մեր երկիրը դառնում է ճանաչելի»,-հավելեց Արթուր Հարությունյանը:
Փառատոնի մասնակից Հարավաֆրիկյան Հանրապետությունից դերասան Ջոն Ջեյքոբսը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ շատերը գիտեն Հայաստան կատարած իր այցելության մասին անհամբեր սպասում են լուրերի:
«Ես կարծում եմ, որ աշխարհը դեռ լիարժեք հայ մշակույթը չի ճանաչում, չի հասկանում: Այնինչ, դուք մեծ ազգ եք, ու մեծ մշակույթ ունեք: Աշխարհը պետք է շատ բան իմանա ձեր մասին: Շատերը գիտեն, որ ես այստեղ եմ և սպասում են լուրերի»,-ասաց Ջոն Ջեյքոբսը:
Դերասան Վահրամ Զարյանը, ով ժամանել է Ֆրանսիայից, նշեց, որ թե Հայաստանում, թե այլ երկրներում ապրող, ստեղծագործող հայերը ջանք ու եռանդ չեն խնայում հայ մշակույթը հասարակության լայն շերտերի հասանելի դարձնելու համար:
«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես իմ գործունեությունը սկսել եմ Մնջախաղի պետական թատրոնից, Ժիրայր Դադասյանի մոտ: Այնուհետև շարունակել եմ Ֆրանսիայում: Ես միշտ ձգտել եմ ցույց տալ, խոսել հայկական մշակույթի մասին: Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում այս փառատոնին, ասեմ, որ ինձ հյուրի կարգավիճակում չեմ զգում, զգում եմ իմ տանը: Ուրախ եմ, որ կկարողանամ իմ վերջին երկու ներկայացումներից հատվածեր ներկայացնել»,-ասաց Վահրամ Զարյանը:
Ավանդույթի համաձայն երևանյան հանդիսատեսը կարող է մեկնել ներկայացումները դիտելու` օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք փառատոնի օրերին, սահմանված ժամանակացույցով, հանդիսատեսին կտեղափոխեն Երևան - Ծաղկաձոր- Երևան երթուղով:
Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին Ծաղկաձորում: Փառատոնը կազմակերպումեն ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը, այնայսուհետև կլինի ամենամյա: Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: