Լրագրողական համայնքը շուտափույթ ցանկանում է պատժված տեսնել իրենց հանդեպ բռնություն գործադրողներին
SocietyՀայաստանյան լրագրողական համայնքը «Հանուն խոսքի ազատության» ակցիայի շրջանակներում ներկայացրեց պահանջներ, որոնց կատարումն ակնկալում է առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ակցիան ուղղված էր «ոչ» ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:
Ակցիայի նախաձեռնությունը հայաստանյան մի շարք թերթերի, կայքերի, հեռուստաընկերության գլխավոր խմբագրերի և ղեկավարների կողմից էր, որին արդեն Ազատության հրապարակում միացան այլ լրատվամիջոցներ ևս: Բացի լրագրողական համայնքից Ազատության հրապարակում էին նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակիցներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման ցանկացած դեպք անընդունելի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ըստ պատգամավորի՝ դա չի համապատասխանում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատության այն նշաձողին, որին ձգում է Հայաստանը, ու որի առնչությամբ որոշ ձեռքբերումներ արդեն ունենք:
«Տեղի ունեցածի ուղղությամբ կիսում եմ նախաձեռնողների կոչը, որ պատկան մարմինն երը համակողմանի ու լրիվ քննության արդյունքում պետք է բացահայտեն գործի բոլոր հանգամանքները ու պատասխանատվության կանչեն բոլոր այն մարդկանց, ովքեր բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Դա կլինի տեղի ունեցածից դուրս գալու լավագույն լուծումը»,- նշեց պատգամավորը:
Սամվել Ֆարմանյանը մասնակիորեն համաձայն է մտքի հետ, որ Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հուլիսի 23-ին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման առնչությամբ ոչ ամբողջական քննությունը բերեց Խորենացիի ու Սարի թաղի դեպքերին: «Ես որպես ԱԺ պատգամավոր պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել, պատրաստ եմ իմ ձայնը բարձրացնել ու միավորվել ինձ նման մտածող մարդկանց հետ, որպեսզի տեղի ունեցածից քաղաքական հետևություններ արվեն ու, եթե խնդիրը վերաբերում է բռնության դեպքերին, այդ բռնությունները քննվեն ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - հավելեց Ֆարմանյանը:
Աշոտ Ահարոնյանի դիտարկմամբ՝ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու բռնությունները վերջին տարիներին միայն հավաքների ժամանակ են տեղի ունենում: «Համենայն դեպս ես չեմ հիշում դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակման, ազատ խոսքի, մտքի համար, այսինքն՝ լրագրողի հանդեպ հավեհարդար տեսնեին: Արտակարգ իրավիճակներում, երբ ոստիկանությունը գործողություններ է անում, այո, հավանականություն կա, որ լրագրողը կարող է վնասվածքներ ստանա, նրա տեխնիկան վնասվի: Ամբողջ աշխարհում է այդպես, այլ հարց է՝ դա արվում է դիտավարությամբ, թե ոչ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ ցավով հավելելով, որ կան դեպքեր, երբ որոշ անձանց կողմից ակնհայտորեն լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորություն է նկատվում:
Լրագրողական համայնքի կողմից համաձայնեցված հայտարարությամբ մասնավորապես հարդոր է հնչում.
«-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
- Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
- Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ»: