Տատյանա Հայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
CultureԿյանքի 92-րդ տարում կյանքից հեռացած հայ երաժշտական մշակույթի ականավոր գործիչ, մանկավարժական գործի առաջնորդ Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1), վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Կյանքի 92-րդ տարում կյանքից հեռացավ հայ երաժշտական մշակույթի ականավոր գործիչ, մանկավարժական գործի առաջնորդ, Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի փայլուն դարաշրջանը կերտած Տատյանա Հայրապետյանը: Տասնամյակների արգասաբեր գործունեությամբ՝ նա կրթեց և դաստիարակեց մի քանի ս երունդ:
Տատյանա Հայրապետյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին, Երևանում: Երաժշտարվեստի ասպարեզում առաջին քայլերը սկսել է 1930-ականներին, Երևանի այդ ժամանակի միակ երաժշտական դարբնոցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան դպրոցում, անվանի մանկավարժ Վերոնիկա Աշխարհումյանի մոտ: Այնուհետև, ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, Դ. Լեգկերի դասարանում: Երիտասարդ խոստումնալից ջութակահարն իր կատարելագործման ուղին շարունակեց Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Ավետ Գաբրիելյանի, Յակով Ռաբինովիչի, Աբրահամ Յամպոլսկու դասարաններում: Վերադառնալով Երևան, Տ. Հայրապետյանը ծավալեց ակտիվ համերգային գործունեություն՝ մենակատարի ելույթները զուգակցելով Կոնստանտին Սարաջյանի ղեկավարությամբ գործող Երևանի սիմֆոնիկ նվագախմբում՝ իր աշխատանքին:
1948 թվականից Տատյանա Հայրապետյանը ներգրավվեց մանկավարժական գործունեության մեջ: Իսկ 30 տարի անց գլխավորեց հանրապետության «Երաժշտական տասնամյակը»՝ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը:
Տատյանա Հայրապետյանի մասնագիտական դասարանի հայտնի աշակերտներն են՝ Էդվարդ Թադևոսյանը, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Հայկ Դավթյանը և այլք:
Երաժշտարվեստում ունեցած հսկայական ավանդի, կատարողական դպրոցի զարգացման գործում ներդրման համար Տատյանա Հայրապետյանը արժանացել է մի շարք պատվավոր կոչումների և շքանշանների. ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի (1960 թվական), Պատվո նշանի (1986 թվական), Մովսես Խորենացու մեդալի (2010 թվական):
Ականավոր մանկավարժ և արվեստի իրական նվիրյալ Տատյանա Հայրապետյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը»: