Լեյտենանտի կողմից հրազենային վիրավորում ստացած զինվորի մոտ տեսողական խնդիրներ են առաջացել
SocietyNews.am-ը գրում է.
Արցախում հունիսի 24-ին ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանի մոտ տեսողական խնդիրներ են առաջացել: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց զինծառայողի հայրը՝ Արարատ Դալլաքյանը:
«Մինչեւ այս դեպքը տղաս տեսողական որեւէ խնդիր չի ունեցել, բայց հիմա աջ աչքը գրեթե չի տեսնում, ձախն էլ վատ է տեսնում: Հիմա չգիտենք, թե հետագայում ինչ կլինի»,- ասաց Արարատ Դալլաքյանը:
Ալբերտի աջ ձեռքն էլ է թույլ. բժիշկներն ասել են, որ ժամանակի ընթացքում նա կսկսի ձեռքը լիարժեք օգտագործել: Հոր խոսքով, հիշողությունն էլ սկսել է կամաց- կամաց վերականգնվել:
Նշենք, որ Դալլաքյանի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ավագ Նահապետյանին:
Ըստ Դալլաքյանի հարազատների` հունիսի 24-ին լեյտենանտն անզգուշություն է ցուցաբերել, զենքը մաքրելիս մատը կպել է, կրակել եւ վիրավորել է Ալբերտին: Ի դեպ, ի սկզբանե հայտարարվում էր, թե զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:
Ալբերտի վիճակը 20 օր շարունակ ծայրահեղ ծանր էր: Այժմ արդեն կայուն է, զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ:
Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: